Armlur.am-ը հարցազրույց ունի դերասան, հումորիստ, շոումեն Մկրտիչ Արզումանյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Դուք որտեղի՞ց եք ստանում այդ ուժը, ովքե՞ր կամ ի՞նչն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:
-Մարդկանց հետ շփումից: Պարզ, մարդկային հարաբերություններից լիցքեր ստանալու առիթը բաց չեմ թողնում: Երբ գործով լինում եմ գյուղում կամ, օրինակ, երբ մտնում եմ խանութ, օգտվում եմ այդ իրավիճակներից:
-Վստահ եմ, որ նմանատիպ շփումների ընթացքում հաճախ զվարճալի դրվագներ են գրանցվում: Կհիշե՞ք մեկը:
-Այո՛, օրինակ` երբ խաղում էի «Տնփեսա» սիթքոմում, մարմնավորում էի միաժամանակ ե՛ւ պապիկի` Անուշավանի, ե՛ւ որդու` Կորյունի դերը: Հիշում եմ, որ մի օր դերասաններից մեկի ինքնազգացողությունը վատացավ, շտապ օգնություն կանչեցինք: Երբ բժիշկները եկան, օգնություն ցուցաբերեցին, մի քիչ սպասեցինք, որ այդ մարդու առողջական վիճակը վերականգնվի: Այդ ընթացքում ես բժիշկներին ասացի. «Գիտե՞ք` մեր պապիկն էլ լավ չի զգում, լավ կլիներ` ճնշումը չափեիք»: Մտածեցի, որ բժիշկները կհասկանան կատակս, կծիծաղեն, բայց նրանք շատ լուրջ ընդունեցին խոսքերս, ասացին. «Վա՜յ, բա հիմա ինքն ո՞ւր է»: Մտածեցի, որ սկսածս շոուն կարելի է շարունակել, ասացի. «Այնքան պրոբլեմատիկ մարդ է, էլ չենք դիմանում»: Բժիշկներն էլ թե. «Մենք ինչքան պետք է` կսպասենք»: Հետո տեսանք, որ նրանք տեղից չեն շարժվում, ասացինք, որ այդ պապիկը ես եմ (ծիծաղում է): Ի դեպ, այդ առումով նույնիսկ սցենարիաստներն էին շփոթության մեջ ընկնում: Գրում էին. «Կորյուրը պետք է գնա, պապիկի թեւից բռնի, բարձրացնի»: Հետո ասում էին` վա՜յ, ու գնում էին ձեւափոխելու գրածը (ծիծաղում է):
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում