Կառավարության նիստում, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ ներկայացրեց, որոնք վերաբերում են բերման ենթարկելիս, ձերբակալելիս եւ կալանավորելիս անձի իրավունքներին, նաեւ ձերբակալման դատական բողոքարկման ընթացակարգին: Նրա խոսքով, բերված անձը մինչեւ ձերբակալվածի կարգավիճակ ստանալը գտնվում է բավականին անպաշտպան վիճակում. «Մենք նախատեսում ենք, որ բերված անձը 4 ժամվա ընթացքում պետք է ստանա ձերբակալվածի կարգավիճակ հակառակ դեպքում` պետք է ազատ արձակվի: Սա լուրջ խթան է, որպեսզի մենք պաշտպանենք այդ անձանց իրավունքները: Բացի այդ, մինչեւ ձերբակալվածի կարգավիճակ ստանալը, մենք նախատեսում ենք մի շարք իրավունքներ, որոնցից անձը պետք է օգտվի: Դրանք են` իմանալ ազատությունից զրկվելու պատճառը, պահպանել լռություն, ստանալ իր իրավունքների մասին բանավոր պարզաբանում, գրավոր ծանուցում եւ պարզաբանում, իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին, հրավիրել փաստաբան եւ իր պահանջով ենթարկվել բժշկական հետազոտության»: Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաու անձի կալանավորմանը՝ նշելով, որ ներկա օրենսդրությամբ անձի նկատմամբ կալանավորումը կարող է որպես խափանման միջոց կիրառվել այնպիսի հանցագործությունների համար, որոնց պարագայում ազատազրկման ձեւով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել մի շարք գործողություններ` հատկապես խոսքը վերաբերում է թաքնվելուն, նոր հանցանք կատարելուն. «Այս «կամ»-ն իրականում շատ բացում է դաշտը: Այդ «կամ»-ը փոխելով «եւ»-ով՝ մենք իրապես փոխում ենք իրավիճակը: Այսինքն՝ կալանավորման որոշում կայացնելու համար պետք է առկա լինի մեկ տարուց ավելի ազատազրկմաան պատժով հանցագործություն եւ մյուս երկու հիմքերից գոնե մեկը»: Նախագիծը նաեւ սահմանում է, թե դատավարության, որ մասնակիցները, որ դեպքում կարող են հրաժարվել ցուցմունք տալուց, որոնք են համարվում քրեադատավարական օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներ: Կառավարությունը հավանություն տվեց ներկայացված նախագծին:
Կարդացեք նաև՝ Կառավարությունը հավանություն է տվել ԱԶԲ-ից 40 միլիոն ԱՄՆ դոլար ներգրավելու մասին համաձայնագրին Ամեն ինչ անելու ենք, որ զորակոչիկները «Ես եմ» ծրագրից կարողանան օգտվել արդեն այս ձմեռային զորակոչին. Նախարար
Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ տեսանյութերով.


