▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրճվողներ, շատ մի ուրախացեք․ երբ տրորեք իշխանությունների ոտքը՝ ձեզ վերաբերող ինչ-որ տեսանյութեր էլ կտարածվեն․․․

Հետաքննող լրագրող Գրիշա Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Եթե մենք իրոք իրավական պետություն ենք, եթե մենք ունենք իշխող կուսակցությունից իրապես անկախ իրավապահ համակարգ, անմիջապես պետք է քրեական վարույթ նախաձեռնվի այդ տեսանյութերը տարածելու դեպքով։ Նախ՝ ինչպես և ում կողմից են տեղադրվել տեսախցիկները մարդկանց անձնական տարածքներում, և ովքեր են տարածել այդ կադրերը։ Դատելով, թե համացանցում ովքեր են ոգևորված՝ դժվար չէ կռահելը։ Ամենաանբարո դրսևորումներից է մարդու անկողին մտնելն ու հետն էլ գաղտնի նկարելը։

Հուսով եմ Մայր Աթոռն էլ իր հետևությունները կանի, քանի որ հարցը բացառապես իր տիրույթում է։

Հ.Գ. հրճվողներ ջան, շատ մի ուրախացեք, մի օր, շատ հարմար պահի, երբ տրորեք իշխանությունների ոտքը, ձեզ վերաբերող ինչ-որ տեսանյութեր էլ կտարածվեն, քանի որ, փաստորեն, այդ ոճով է երկիրը կառավարվում ու անհնազանդներին կարգի հրավիրվում․․․ դե թաթիկով արեք, ձեզ նկարում է թաքնված տեսախցիկը։

***

Դավիթ Թումասյանն այս առիթով գրում է․

ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ

Քրեական իրավունք դասավանդելիս ուսանողներին միշտ ներկայացրել եմ անբարոյականության և հակաիրավականության, ինչպես նաև բարոյականության և օրինականության դիլեման՝ նշելով, որ կան հանցանքներ, որոնք անբարոյական են, կան անբարոյական արարքներ, որոնք հանցավոր չեն և կան անբարոյական արարքներ, որոնք հանցավոր են: Այսինքն, հանցանքն ու անբարոյական արքրը կարող են նույնանալ, իսկ կարող է՝ ոչ…

Երեկ տարածված՝ Արշակ Սրբազանի և նրա քեռու կնոջ ինտիմ տեսանյութերն ակնհայտ վկայում են անբարոյական արարքի մասին, և ոչ միայն հոգևորականի համար, այլ նաև առհասարակ անձին անհարիր արարքի մասին: Ընդ որում տեսանյութի մասին վաղուց էր խոսվում, բայց այն չէր հանրայնացվել: Որքան էլ տհաճ է Արշակ Սրբազանի արարքը, այն հանցավոր չէ:

Սակայն, տարածված տեսանյութն ակնհայտ հանցանք է, քանի որ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը:

Հ.Գ. Անգամ եթե նախաձեռնվի քրեական վարույթ, այդ արաքը, լինելով ոչ մեծ ծանրության հանցագործություն, իսկ 3-րդ մասով՝ միջին ծանրության հանցագործություն, չի առաջացնի այն բացասական հետևանքը, որն առաջացրեց այդ տեսանյութի բովանդակությունը…. Հասարակությունը զգացմունքային է, այն ցնցվում է անբարո արարքներից, և ոչ միշտ հակաիրավական...

***

Արթուր Սաքունցն էլ գրել է․

ՀՀ քրեական օրենսգրքի 204 հոդվածը չի գործու՞մ.

Հոդված 204. Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը

1. Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության օգտագործելը, իրացնելը կամ հայտնելը կամ այդ տեղեկությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու, իրացնելու կամ հայտնելու նպատակով ձեռք բերելը կամ պահելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տեղեկությունը հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով տարածելը՝

պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ

2) տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее