▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա պատերազմ է ընթանում, իսկ մենք առաջարկում ենք բանակցություններ, ի՞նչ վատ բան կա այստեղ». Պուտին

***

«Հիմա պատերազմ է ընթանում, իսկ մենք առաջարկում ենք բանակցություններ, ի՞նչ վատ բան կա այստեղ». Վլադիմիր Պուտինն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան լուրջ բանակցությունների է տրամադրված։

Ռուսաստանի առաջարկը, «ինչպես ասում են՝ սեղանին է», որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը, ասել Է ՌԴ նախագահը։

Պուտինը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր միջնորդական ջանքեր են գործադրում Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման համար, այդ թվում՝ ԱՄՆ նոր վարչակազմին:

***

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Երևանի ժամանակով 2:30-ին հնչեց Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որի մասին անոնսավորվել էր վերջին մի քանի ժամերին:

Հայտարարությունը վերաբերում էր ուկրաինական հակամարտությանը:

Պուտինը, իրեն բնորոշ ոճով, դարձյալ ցուցաբերեց նախաձեռնողականություն՝ գնդակը գլորելով Ուկրաինայի և նրա արևմտյան հովանավորների դաշտ:

Ինքնին հասկանալի էր, որ Մոսկվան չէր կարող համաձայնել 30-օրյա հրադադար հաստատելու Կիևի առաջարկին, որը խրախուսվում էր նաև եվրոպական մայրաքաղաքներում և Վաշինգտոնում:

Այդ հրադադարը, որը չուներ հակամարտության կարգավորման բաղադրիչ, ընդամենը որոշակի «թթվածին» էր ապահովելու Ուկրաինայի հյուծված զինված ուժերի համար:

Մոսկվան առաջարկում է հակամարտության համապարփակ լուծում, կոնֆլիկտը ծնող պատճառների վերացում:

Պուտինն առաջարկում է Կիևին՝ առանց միջնորդների և առանց նախապայմանների, մայիսի 15-ին բանակցել Ստամբուլում կամ վերականգնել ստամբուլյան
գործընթացը, որը 2022-ի գարնանն ընդհատեց Զելենսկին՝ Մեծ Բրիտանիայի այդ օրերի վարչապետ Բորիս Ջոնսոնի ցուցումով:

Իհարկե, 2022-ին այդ բանակցությունները Կիևի համար ավելի նպաստավոր էին, քան կլինեն այսօր, հապաղելու դեպքում՝ Ուկրաինայի բանակցային դիրքերն ավելի խոցելի կլինեն վաղը»։

***

Մայիսի 11-ին՝ կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերժեց Ուկրաինայի և նրա արևմտյան դաշնակիցների առաջարկը՝ հայտարարելու նոր 30-օրյա հրադադարի մասին։ Նա մեղադրեց Կիևին Մոսկվայի կողմից հայտարարված նախորդ հրադադարները խախտելու մեջ։

Պուտինն առաջարկեց, ի թիվս այլ հարցերի, քննարկել հրադադարի հարցը Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների ընթացքում, որոնք, նրա խոսքով, կարող են տեղի ունենալ արդեն մայիսի 15-ին Ստամբուլում։
«Մոսկվան պատրաստ է մասնակցել դրանց առանց նախապայմանների։ Մենք առաջարկում ենք սկսել անհապաղ՝ Ստամբուլում, որտեղ դրանք ընդհատվել էին։ Այդ ժամանակ բանակցությունները, որոնք հրադադարի չհանգեցրին, խափանվել էին Ուկրաինայի կողմից»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ մայիսի 11-ին, կիրակի օրը, նա նախատեսում է այս նախաձեռնությունը քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Նա նաև միջնորդ էր Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականին։

«Հնարավոր է, որ բանակցությունների ընթացքում հնարավոր լինի համաձայնության գալ նոր զինադադարի, նոր հրադադարի շուրջ», - ասաց Պուտինը՝ հավելելով, որ այժմ «գնդակը Ուկրաինայի դաշտում է»։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը կրկնեց այն, ինչ նախկինում բազմիցս ասել էր. «Մենք հանձնառու ենք Ուկրաինայի հետ լուրջ բանակցություններ վարելուն, որոնց նպատակը հակամարտության արմատական ​​պատճառները վերացնելն է»։

Նա նաև հիշեցրեց, որ Մոսկվայի կարծիքով, հրադադարը պետք է բացառի նաև Կիևի վերազինման, զինվորականների վերապատրաստման և այլնի հնարավորությունը։ Նա առաջին անգամ նման պայմաններ հրապարակեց դեռևս մարտ ամսին, երբ առաջին անգամ մեկնաբանեց Մոսկվայի վերաբերմունքը հնարավոր հրադադարի նկատմամբ։ «Մենք կողմ ենք դրան, բայց կան նրբերանգներ», - այն ժամանակ ասել էր Ռուսաստանի նախագահը, անդրադառնալով հենց այն պայմաններին, որոնց դեպքում Մոսկվան պատրաստ է դադարեցնել կրակը։

Կիևի առաջարկը՝ մայիսի 12-ից լիակատար և անվերապահ հրադադար հայտարարելու մասին, հնչեցվել է մեկ օր առաջ՝ Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովից և Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Ուկրաինայի առաջնորդների համատեղ կոչից հետո, երբ նրանք հեռախոսազրույց էին ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով աջակցել է Մոսկվայից «լիակատար և անվերապահ հրադադար» հայտարարելու պահանջի ընդհանուր որոշմանը։

Պուտինի ելույթը սկսվել էր Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 1:30-ին և տևել էր մոտ 20 րոպե։

Կարճ ժամանակ անց ուկրաինական մոնիթորինգային ալիքները հայտնեցին Ուկրաինայի օդային տարածքում ռուսական հարձակողական անօդաչու թռչող սարքերի թռիչքների վերսկսման մասին։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր Truth Social սոցիալական ցանցում, մեկնաբանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ընթացքը, հայտարարել է «մեծ շաբաթվա» մեկնարկի մասին։

«Հնարավոր է՝ հիանալի օր լինի Ռուսաստանի և Ուկրաինայի համար»,- գրել է նա՝ հույս հայտնելով, որ մարտերը կավարտվեն՝ փրկելով «հարյուր հազարավոր կյանքեր»։

«Սա կլինի բոլորովին նոր աշխարհ, շատ ավելի լավ, քան նախորդը։ Ես կշարունակեմ աշխատել երկու կողմերի հետ՝ սա իրականացնելու համար։ Դրա փոխարեն ԱՄՆ-ն ցանկանում է կենտրոնանալ վերականգնման և առևտրի վրա։ Սա մեծ շաբաթ է», -գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի գրառումը կատարվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները կոչ արեցին մայիսի 12-ից սկսած «լիակատար և անվերապահ» ​​30-օրյա հրադադարի, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկեց մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Կիևի հետ ուղիղ բանակցությունները:

***

Այս գիշեր՝ եռօրյա հրադադարի ավարտից հետո, Ռուսաստանը վերսկսել է գրոհային անօդաչու թռչող սարքերի արձակումը Ուկրաինայի ուղղությամբ, ասվում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի հինգ մարզերում՝ Սումիում, Զապորոժիեում, Դոնեցկում և Խարկովում, հայտարարվել է օդային հարձակման տագնապ, հայտնում են տեղական իշխանությունները և զինվորականները։

Մոնիթորինգային ալիքները սկսել են հաղորդել ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Ուկրաինայի օդային տարածքում հայտնվելու մասին այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը Կրեմլում մերժել է Կիևի կողմից ավելի վաղ առաջարկված 30-օրյա հրադադարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее