Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ոստիկանության Բերդի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արծվաբերդի գյուղապետ Օնիկ Բալյանի ու մի խումբ գյուղացիների հետ ողջ գիշեր որոնողական աշխատանքներ են կատարել, որպեսզի հայտնաբերեն նույն գյուղի բնակիչ՝ 53-ամյա Մանվել Ասրյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու գյուղացիները նրան հայտնաբերել են գյուղի ծայրամասում գտնվող, չբնակեցվող կիսակառույց շինությունում և երբ փորձել են մոտենան նրան, նա դիմել է փախուստի։ Փախուստի ժամանակ նա սայթաքել և ընկել է ձորը, որից հետո ինքնավնասում է արել։ Այս պահին Բերդի հիվանդանոցի բժիշկները ժամանել են դեպքի վայր և նրան բուժօգնություն են ցուցաբերում, որից հետո տեղափոխելու են Բերդի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մ. Ասրյանը կասկածվում է երեկ՝ մայիսի 11-ին, 49-ամյա կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 11-ին, առանձնակի դաժանության սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Արծվաբերդ գյուղի ամբուլատորիայի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել էր ոստիկանության Բերդի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Արծվաբերդ գյուղ, որտեղ տան նկուղային հարկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի: Ըստ նախնական տվյալների` ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Մ. Բեգյանի ամուսինն իրենց տան նկուղային հարկի լոգարանում սուր կտրող գործիքով կտրել է կնոջ կոկորդը:


