ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջ՝ Օլյա Հայրապետյանի ընտանիքը ահռելի գումարներ է պարտք «Կոնվերսբանկին», որոնք չի կարողանում ամբողջությամբ վճարել եւ հայտնվել է ֆինանսական կոլապսի եզրին:
«Հրապարակ»-ը գրում է, որ Օլյան հայտնի գործարարներ Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհի է, իսկ Հայրապետյանները, մասնավորապես, Օլյայի հայրը՝ Գառնիկ Հայրապետյանը դեռեւս մինչեւ Հայկ Սարգսյանի եւ Օլյա Հայրապետյանի ամուսնությունը մեծ պարտք է ունեցել բանկին՝ մոտ 21,5 մլն դրամ գումարած տույժ ու տոկոս: Գրավի առարկան եղել է այն բնակարանը, որտեղ Օլյան գրանցված էր: Այն գտնվում է Արաբկիր համայնքում, Վ. Համբարձումյան փողոցում:
Ի սկզբանե, բնակարանը գնահատվել էր 65 մլն դրամ: Գառնիկ Հայրապետյանը որոշ ժամանակ պայքարել է, աշխատել է փրկել դստեր բնակարանը վաճառքից, դիմել է վերաքննիչ ատյան, թուղթ է ներկայացրել, որ գտնվում է սնանկության գործընթացի մեջ:
Նա կարողացել է կասեցնել հարկադիր ակտի կատարումը, սակայն օրենքով 90 օրվա ընթացքում նրանք պետք է ԴԱՀԿ ներկայացնեին սնանկ ճանաչվելու վերաբերյալ փաստաթուղթը: Բայց քանի որ այն չի ներկայացվել, հարկադիր կատարման գործընթացն այս տարի վերսկսվել է /կատարողական վարույթ վերսկսելու մասին որոշումը հրապարակված է azdarar.am կայքում/:
Օլյա Հայրապետյանի բնակարանն էլ տեղադրվել է արգելանքի դրված գույքի էլեկտրոնային աճուրդով վաճառվելիք գույքի ցանկում: Գուցե անգամ արդեն վաճառված է, քանի որ դեռեւս վարույթը վերսկսելուց առաջ դրա համար նախավճար էր մուծվել` մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
Հետաքրքիր է, դիտավորյա՞լ են Հայրապետյանները բանկին քցել, թե՞ միամիտ է ստացվել եւ ո՞րն էր բանկին «քցելու» հույսը: Գուցե, պաշտոնյա փեսա՞ն:
Դիտեք նաև՝