«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքը Հայաստանում անհրաժեշտ է: Կոչ եմ անում չխորշել այս նորմերից ու օրենքներից և դրանց դեմ դուրս չգալ»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում հորդորեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով.
«Չգիտեմ, թե ինչո՞ւ խոսում են մեր ավանդույթներից: Կներեք, բայց մեզ մոտ զարկել եղե՞լ է: Պապս ասում էր՝ տղամարդու ձայնը բարձրացնելը ո՞րն է: Շատ-շատ աչքով-ունքով կնոջը պետք է հասկացնի, թե ինչ պետք է արվի: Կինը պետք է տրամադրությունից հասկանա ամեն ինչ»:
Լարիսա Ալավերդյանի փոխանցմամբ՝ անցած տարի ՄԱԿ-ը ընդունել է որոշում, համաձայն որի՝ ընտանեկան բռնության զոհը հավասարեցվում է խոշտանգումների զոհերին:
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանի խոսքով՝ տարիներ առաջ էլ էին շատ բռնության դեպքերը, և կրկին բարձրաձայնողներն էին քիչ:
«Ասում են՝ ամոթ է: Բոլոր տեղերում է դա ամոթ: Օրինակ՝ 19-րդ դարում մեծ դեր է խաղացել եկեղեցին ու մեղմացումը նրանց միջոցով է տեղի ունեցել: Իսկ հիմա պետք է այնպես անենք, որ այս օրենքն էլ մեծ հարված չլինի զոհերին: Կան եզրույթներ, որոնք պետք է մշակվեն և հստակեցվեն:
Նախագծին դեմ է հոգեբան Սամվել Խուդոյանը: Պարզվում է՝ նա ոչ մի դրական կետ չի տեսել.
«Բոլորս պատրաստվենք նստելու, ի դեպ, առաջինը կանայք են նստելու, որովհետև նրանք են հիմնական բռնություն կիրառողը երեխաների ու ամուսինների նկատմամբ: Սկեսուրների ու զոքանչների աչքն էլ լույս՝ ամեն կռվի ժամանակ մարդուն ոստիկանություն կտանեն, կդատեն»,-կատակեց հոգեբանը:
Իսկ, եթե լուրջ՝ առաջարկեց իրավաբանական մասն հանել ու հոգեբանականը ներառել:
«Բռնություն կիրառող մարդիկ պետք է խորհրդակցեն հոգեբանի հետ, որից հետո իրոք կփոխվեն»,-համոզմունք հայտնեց հոգեբանը:
Անի Կարապետյան


