Փաստինֆո-ն գրում է.Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «Սասնա ծռեր» խմբի 2 անդամների՝ Վարուժան Ավետիսյանի և Աշոտ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու՝ նախաքննական մարմնի ներկայացված միջնորդությունը:
Աշոտ Պետրոսյանի մեղադրանքը ևս խստացվել է, այսպիսով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով և 185 –րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Առաջադրված մեղադրանքները Պետրոսյանը չի ընդունում:
Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը գտնում է, որ իր պաշտպանյալին առաջադրված նոր մեղադրանքի համար նախաքննական մարմինը հիմքեր չի ներկայացրել:
Ըստ պաշտպանի՝ Աշոտ Պետրոսյանի և խմբի անդամներից շատերի գործողություններն այլ են եղել, նպատակը եղել է ավելի լավ Հայաստան ունենալը, ավելի բարեկեցիկ ապրելը, իսկ գույքի ոչնչացման մեղադրանքն ինքնին ստվերում է այն գաղափարը, որի համար նրանք ձեռնարկել են այդ գործողությունները:
Պաշտպանի գնահատմամբ՝ առաջադրված մեղադրանքները ոչ միայն Պետրոսյանից, այլև մյուսներից հասարակության ուշադրությունը շեղելու միտում ունի: Հիմնական գաղափարը բոլորովին այլ է եղել:
Ինչ վերաբերում է իր պաշտպանյալի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելուն, ապա պաշտպանը կարծիք հայտնեց, որ, որպես կանոն, կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը քննիչները ներկայացնում են, որ մեղադրյալն անօրինական ազդեցություն կգործադրի այլ անձանց վրա, կխուսափի:
«Ստանդարտ ձևակերպումներ՝ առանց որևէ փաստական հիմք վկայակոչելու, իսկ դատարանները մինչ այս պահը հաստատում կամ վավերացնում են այդ ստանդարտ ձևակերպումները, ինչն անթույլատրելի է»,- գտնում է պաշտպանը՝ հավելելով, որ խնդիրը լուծվում է ոչ թե իրավական, այլ՝ քաղաքական հարթությունում:
Ինչ վերաբերում է խմբի մյուս անդամ Վարուժան Ավետիսյանին, ում մեղադրանքը ևս խստացվել է, ապա նրա պաշտպան Արա Զաքարյանը գտնում է, որ իշխանությունը երևի որոշել է խմբի անդամներին խստագույնս պատժել, որպեսզի որևիցե մեկի մոտ ցանկություն անգամ չառաջանա իր իրավունքների պաշտպանության համար իշխանության դեմ որևիցե քայլ կատարել, իր բողոքը հայտնել, թեկուզ զինված պայքարի միջոցով իր իրավունքները պաշտպանել:
Պաշտպանը սա վատ միտում է համարում, ըստ նրա՝ սա խոսում է նրա մասին, որ Հայաստանում 38 թիվն է մոտենում, և փորձելու են ռեպրեսիվ և ապօրինի միջոցներով մարդկանց լռեցնել:
Վարուժան Ավետիսյանի դեպքում ևս քննիչը պահանջել է ևս երկու ամսով երկարացնել կալանքի ժամկետը, ինչը, պաշտպանի գնահատմամբ, հիմնավոր չէ, և ՊՊԾ-ի բոլոր գործերով նույն նյութերն են ներկայացվում, իսկ դատարանները շաբլոն ձևով հաստատում են:
Այս դեպքում էլ Ավետիսյանի կալանքը երկարացնելու հիմքում քննիչը դրել է այն, որ նա, ազատության մեջ գտնվելով, նոր հանցանք կկատարի, փախուստի կդիմի և որ անհրաժեշտ է բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ կատարել, ինչը չի հասցրել նախորդ ամիսներին կատարել:


