armtimes.com-ը գրում է. Այս օրերին ընթանում էր ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: Իրանագետներն այցը պատմական են համարում: Ընդգծում են, որ վերջին անգամ ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Իրան էր այցելել 7 տարի առաջ միաբերան կարծիք են հայտնում, որ այս այցի ընթացքում ռազմական համագործակցության ոլորտում կարեւոր պայմավորվածություններ կլինեն, որոնք հասկանալի պատճառներով գաղտնի կմնան:
Այցը մեծ ոգեւորություն եւ ակնկալիքներ է առաջացրել: Հատկապես, ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Պաշտպանության նախարարն այցելել է «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերությունը, որը մասնագիտացած է պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու եւ իրականացնելու մեջ: ԶԼՄ-ներում պտտվում է տեղեկատվություն, որ ՀՀ զինված ուժերն ապրիլյան պատերազմի ժամանակ խոցված իսրայելական անօդաչու սարքերի վերաբերյալ ինչ-որ տեղեկատվություն են փոխանցել Իրանին:
Իրանագետներն էլ նշում են, որ Հայաստանն ու Իրանն իսրայելական անօդաչու թռչող սարքերի դեմ համատեղ պայքարի ծրագիր կարող են մշակել: Ի տարբերություն 7 տարի առաջ նույնանման այցի, այս անգամ երկու երկրների միջեւ ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունն առաջնային պլանում է: Չենք կարող ասել այցը որքանով է պատմական, բայց այս շեշտադրումն իսկապես աննախադեպ է:
Հունվարի 27-ի ասուլիսի ժամանակ Վիգեն Սարգսյանը խիստ ուշագրավ հայտարարություն արեց: Պատասխանելով ՌԴ-ից 200 միլիոն վարկով գնված սպառազինության վերաբերյալ հարցին, Սարգսյանն ասաց, որ դրա մեծ մասն արդեն գտնվում է Հայաստանում, մատակարարված է զինված ուժերին, ապա հավելեց. «Մենք նաեւ շարունակելու ենք երկխոսությունը ռուսական կողմի հետ այդ ծրագրի շարունակության վերաբերյալ, որովհետեւ իրականում, այն ինչ մենք ստանում ենք Ռուսաստանից մեր ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր փոխգործակցության հիման վրա՝ չի կարող լրացնել այն գերժամանակակից սպառազինությունների կարիքը, որ մեր զինված ուժերն ունեն:
Եւ, հետեւաբար, մենք փնտրում ենք բոլոր հնարավորություններն ինչպես ռուսական շուկայում, այնպես էլ այլ գործընկեր երկրների հետ`համալրելու մեր զինված ուժերն անհրաժեշտ սպառազինությամբ»:
ՊՆ նախարարն ասաց, որ գոյություն ունի նման սպառազինություններին ծանոթանալու նպատակով այցերի ժամանակացույց: «Դա մեր ծրագրի մեջ մտնում է, եւ ըստ ժամանակացույցի մենք անպայման այդպիսի այցեր կկազմակերպենք»:
Դժվար է ասել Իրանի այցն այս ժամանակացույցի մա՞ս էր, թե՞ ոչ: Ռազմական փորձագետները կպատասխանեն հարցին, թե որոնք են այն երկրները, որ կարող են ՀՀ-ին մատակարարել գերժամանակակից սպառազինությունների այն տեսականին, որ հնարավոր չէ լրացնել ՌԴ-ի հետ փոխգործակցության շրջանակներում: Բայց ՀՀ ՊՆ նախարարի նման հայտարարությունը եւ Իրան կատարած նրա այցի նման շեշտադրումներն առնվազն տարօրինակ են հնչում:
Գուցե մենք ինչ-որ բան բաց ենք թողել, բայց չենք կարողանում հիշել, թե երբվանից է Հայաստանը սկսել գերժամանակակից սպառազինություն փնտրել ռուսական շուկայից դուրս, այլ երկրներում: Մինչ այժմ միջազգային փորձագիտական տեսակետը սույն հարցի շուրջ եղել է հետեւյալը. մի կողմից ղարաբաղյան հակամարտության կողմերին սպառազինություն մատակարարելը ՌԴ-ի մենաշնորհն է, մյուս կողմից՝ Հայաստանի հնարավորությունները թույլ էլ չեն տա այլ աղբյուրներից օգտվել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


