▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ Սուպերսթար»-ից՝ միջազգային արենա. Անահիտ Մանասյանը՝ անսպասելի առաջարկի և նոր տեսահոլովակի մասին

 

 

 

 

 

 

 

 

 

Իր երաժշտական ուղին «Հայ Սուպերսթար» նախագծից սկսած Անահիտ Մանասյանն այս պահին իր խմբի՝ Mojo-ի հետ, համերգային շրջագայությամբ գտնվում է Դուբայում: Asekose.am զրուցել է երգչուհու հետ՝ պարզելու իրենց այցի մանրամասների, համագործակցության անսպասելի առաջարկի, հետագա անելիքների և անձնական կյանքի թեմայի շուրջ:

Անահիտ, ներկայումս Ձեր բենդի՝  Mojo-ի հետ միասին, գտնվում եք Դուբայում: Կցանկանայի, որպեսզի մի փոքր մանրամասնեիք, թե ի՞նչով եք այս պահին զբաղված:

Մոտ 5 ամիս առաջ առաջարկ ստացա խմբիս հետ միասին աշխատելու Դուբայի առաջատար բիզնես կենտրոններից մեկում: Արդյունքում, նախ մարտ ամսից մինչև հունիս ամիս տվյալ համալիրում 100-ից ավելի համերգով հանդես եկանք, որից հետո համագործակցությունը շարունակելու նոր առաջարկ ստացանք: Հաշվի առնելով այն հրաշալի պայմանները, որոնցում աշխատել էինք նախորդ 3 ամիսներին՝ առանց վարանելու ընդունեցինք առաջարկը: Երևանում երկար տարիների ակումբային գործունեությունից հետո սա այն է, ինչը կարող եմ «քայլ առաջ» անվանել:

Իսկ հնարավոր է, որ այս համագործակցության արդյունքում դուք ձեր խմբի տղաների հետ միասին առաջիկայում ելույթ ունենաք ավելի լայն մասշտաբների համար, այսինքն՝ ճանապարհը դեպի միջազգային շուկա հեռանկարայի՞ն է Ձեզ համար:

Ճիշտն ասած՝ չակերտները չբացելով կասեմ, որ արդեն որոշակի առաջարկներ ունենք, որոնց մասին, իհարկե, կմտածենք Դուբայում մեր գործունեությունն ավարտելուց հետո: Մեր նպատակը միշտ էլ միջազգային արենան է եղել, որում հայտնվելը, իհարկե, շատ բարդ ու դժվար է: Նաև դա էր պատճառը, որ խմբի առաջին տեսահոլովակը նկարահանելիս նախապատվությունը տվեցինք ոչ թե մեր՝ արդեն պատրաստի երգերից մեկին, այլ համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություներից մեկին, որպեսզի փորձենք աշխարհին հայտնի հիթը մեզանով և յուրովի մատուցենք` ինքներս մեզ ապացուցելով, որ արդեն մեր ուրույն ձեռագիրն ունենք, որով կարող ենք «գրել» լեգենդների վաղուց գրածները:

Եվ հետաքրքիր է, դուք ինքներդ Ձեզ համար ի՞նչ արդյունք գրանցեցիք տեսահոլովակի պրեմիերայից հետո: Սպասելիքներն արդարացվեցի՞ն:

Ճիշտն ասած` անգամ մի փոքր զարմացած էինք արդյունքից: Մեզանից ոչ ոք չէր սպասում, որ անգլերեն երգը և այն էլ «Cover»-ն այդքան դուր կգա մարդկանց: Գիտեք, որքան հաճելի է, որ հայրենակիցներդ են հավանում աշխատանքդ, կրկնակի էլ շոյված ես լինում, երբ արտերկրի բնակչից ես լսում գովեստի խոսքեր: Ի վերջո, մեծ ռիսկի ենք գնացել` փորձելով փոփոխել մեծն Էրիկ Կլեպտոնի ամենահայտնի երգերից մեկը: Բարեբախտաբար ռիսկն իրեն արդարացրեց, և անգամ Կլեպտոնի օրիգինալ տարբերակը լսելուց հետո մարդիկ մեզ ասում էին, որ մերն իսկապես տարբերվում էր և նման չէր իսկական «Old Love»-ին: Այսինքն՝ իսկական «Cover» ենք ստացել:

Անահիտ, տվյալ տեսահոլովակով, դուք, ինչպես ինքներդ եք նշել, հրաժեշտ եք տվել Cover-ներին և սկսել եք հեղինակային ծրագիրը: Անցումը կարծես թե փոքր-ինչ կտրուկ է, համենայն դեպս, սկզբի համար: Դուք, լինելով այն խմբի մեներգչուհին, ում երգելաոճը էապես տարբերվում է այսօր այդքան ակտուալ երաժշտությունից, ի՞նչ սկզբունքներով եք պատրաստվում աշխատել, որպեսզի ձեր երաժշտությունը և որակով լինի և հիթային:

Ճիշտն ասած՝ Ձեր նշածներ 2 գործոններից ինձ համար ամենակարևորը որակն է: Որակը մեր խմբի համար վաղուց ամենաառաջնային գործոնն է եղել: Կապ չունի՝ ինչ ես երգում կամ նվագում, եթե դա անում ես որակյալ, ապա վաղ թե ուշ կգտնես հանդիսատեսիդ: Ինչ վերաբերում է հիթայինին, ապա նշեմ, որ դա կապված է մի շարք գործոնների, այդ թվում նաև բախտի հետ: Եթե երգը ստեղծելու ընթացքում մտածենք, որ այն ամեն գնով պետք է հիթ լինի, դա արդեն սխալ է: Դրա համար ուղղակի աշխատելու ենք ստեղծագործել անկեղծ՝ զերծ մնալով կոմերցիայից և ձևականություններից: Ժամանակը ցույց կտա, թե ինչի կհանգեցնի այս՝ մեր օրերին արդեն ոչ արդիական դարձած աշխատելաոճը, բայց թիկունքումս այնպիսի թիմ է կանգնած, որ վստահ եմ, վաղ թե ուշ կհասնենք մեր նպատակին: Կրկնվեմ ևս մեկ անգամ, որակի առկայության դեպքում արդյունքը վաղ թե ուշ կգա:

Մինչ Դուբայ մեկնելը, մենահամերգով հանդես եք եկել Կամի ակումբում: Կպատմեք Ձեր տպավորությունների մասին:

Տպավորությունները, իսկապես աննկարագրելի են: Համերգն անցավ բավականին էմոցիոնալ: Համերգից 2 օր անց մեկնելու էինք Դուբայ և այն, փաստորեն, հրաժեշտի համերգ ստացվեց: Շատ էինք կարոտել թե մեր հանդիսատեսին և թե միմյանց, ու կարող եմ ասել, որ այդ կարոտը լավ հանեցինք: Նվագեցինք մեր ամենասիրելի երգերը: Վերջում մի փոքր հուզվել էի, չէի ցանկանում բաժանվել տղաներիցս: Դա հատկապես նկատելի էր հենց մեր տեսահոլովակի երգի՝ «Old Love»-ի ժամանակ:

Ասել, որ MOJO band-ը այստեղ՝ Հայաստանում, լայն ճանաչում ունի, սխալ կլինի (գուցե պատճառը տևական դադարն էր): Դուք ելույթ եք ունենում լավագույն ակումբներում, սակայն ստացվում է, որ սահմանափակ թվով լսարանի համար: Արդյոք չեք նախատեսում քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

Ճիշտն ասած Հայաստանում, մասնավորապես Երևանի ակումբային մակարդակով, մենք արդեն գրեթե անելիք չունենք: Այստեղ հարցն այն է, թե որքանով է մեզ հարկավոր այդպիսի ճամաչումը՝ որպես «cover»-ներ կատարող խմբի: Իհարկե, դրանում ոչ մի վատ բան չկա, քանի որ համաշխարհային երգարվեստի գրեթե բոլոր ներկայիս աստղերն էլ իրենց գործունեությունը «cover»-ներով են սկսել: Մենք նույնպես անցել ենք երկար, բարդ ու արկածներով լի ճանապարհ՝ տարբեր ակումբներում նվագելով համաշխարհային հիթեր: Սակայն ամենակարևորն այն է, որ հասկանաս, թե մինչև երբ է դա քեզ հարկավոր: Մենք գտանք, որ եկել է մեր խոսքն ասելու ժամանակը: Իհարկե, իմ ասածը չի նշանակում, որ այլևս ակումբներում ընդհանրապես հանդես չենք գալու: Կան վայրեր, որտեղ միշտ հաճույքով ենք մտնում, որտեղ տարիների ընթացքում շատ ընկերներ ենք ձեռք բերել: Ուղղակի այլևս չեն լինելու ֆիքսված օրերով և ժամերով ամենամսյա համերգներ: Աշխատելու ենք հանդես գալ քիչ, բայց առավելագույնս լավ և ամենաբարձր չափանիշներով: Բացի այդ էլ, ինչպես սկզբում նշեցի, չակերտները դեռ վաղ է բացել)) Շատ հետաքրքիր հեռանկարներ խոստացող առաջարկ ունենք, որի մասին, ցավոք, առայժմ չեմ կարող բարձրաձայնել:

MOJO band-ը բաղկացած է 5 անդամից: Ինչպիսի՞ն է Ձեր խումբը և ի՞նչ հատկանիշներով են օժտված խմբի անդամները, որոնք թույլ են տալիս համախմբվել մեկ ընդհանուր աշխատանքի շուրջ: 

Համախմբված, միասնական, անկեղծ և միմյանց նվիրված: Ուզում եմ երախտագիտության խոսքեր ուղղել իմ թիմին. մեր բաս կիթառահար Դավիթ Պողոսյանին, ով կանգնած է ՄՕՋՕ Բենդի արմատներում և ինձ և ամուսնուս հետ միասին խմբի ստեղծման առաջին իսկ օրվանից սրտացավ է եղել խմբի համար և մշտապես մինչև վերջ նվիրված: Կարճ ասած՝ նա մեր խմբի հոգին է: Մեր հարվածային գործիքներ Գոռ Ավետիսյանին, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն իսկ հրաշալի երաժիշտ է: Նրա գործոնը մեր հաջողություններում նույնպես շատ կարևոր է: Ցավոք սրտի, նա և Դավիթը մեզ հետ չեն Դուբայում, և մենք նրանց պակասը շատ ենք զգում: Մեր խմբին համեմատաբար վերջերս միացած ստեղնաշարային գործիքների վարպետ Արթուր Հովակիմյանն այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել է մեծ և հսկայական ազդեցություն թողնել խմբի ստեղծագործական գործունեության վրա: Արթուրը մեր խմբի ամենափորձառու երաժիշտն է, ում՝ երկար տարիների ընթացքում հայկական մի շարք առաջատար խմբերում նվագելու ընթացքում ձեռք բերած փորձը հենց այն է, ինչը մեզ, թերևս, որոշակի պակասում էր վերջին շրջանում: Նրա երաժշտական մտածելակերպը մեկ խմբի չէ, որ հաջողություն է բերել, իսկ միասին մենք կարողացանք բոլորովին այլ որակ ստանալ: Դե իսկ խմբի հիմնադրի և ամուսնուս՝ Ալեքս Ենոքյանի մասին էլ չասեմ:

«Հայ Սուպերսթար», «Հայաստանի Ձայնը»... Անահիտ, սրանք այն երաժշտական նախագծերն են, որոնց շնորհիվ տարիներ առաջ հայտնի դարձաք հայ հասարակության համար: Նախագծերից և ոչ մեկում, սակայն, Ձեզ հաղթող դառնալ չհաջողվեց, թեև «Հայաստանի Ձայն»-ի դեպքում, երբ դուրս մնացիք, քննարկումներ եղան: Արդյոք այդ ամենը՝ որպես երգչուհի, որևէ հետք թողել է Ձեզ վրա և, առհասարակ, նմանատիպ հաղթանակները Ձեզ համար որքանո՞վ են կարևոր:  

Ճիշտն ասած՝ Ձեր իսկ նշած քննարկումներն ավելի շատ լսեմ եմ ոչ թե «Հայաստանի Ձայնի», այլ՝ «Հայ սուպերսթար»-ի ժամանակ, որտեղ հասա մինչև եզրափակիչ: Այդ ժամանակ ընդամենը 16 տարեկան էի և մի փոքր ավելի ծանր տարա: Իսկ ահա «Հայաստանի Ձայն»-ում շատ չնեղվեցի և գրեթե չզարմացա, որովհետև անհամեմատ ավելի հասուն էի և ինձ համար ամեն ինչ ավելի քան պարզ էր: Բնականաբար այդ 2 նախագծերն էլ ինձ համար հույժ կարևոր էին փորձի, Միացյալ Նահանգներում ունեցած հյուրախաղերի, ժողովրդի կողմից ճանաչվելու և, իհարկե, ամենակարևորը ամուսնուս հետ ծանոթանալու համար, ով «Հայ Սուպերսթար»-ի  ժամանակ «Շանթ» ՀԸ-ում Ֆորմուլա 1 էր վարում: Ինչպես վերևում նշեցի, եթե նա չլիներ, այս խումբը ուղղակի չէր ծնվի:

Չեմ կարող չանդրադառնալ Ձեր և Ձեր ամուսնու՝ Ալեքս Ենոքյանի հարաբերություններին: Կարողանո՞ւմ եք անհրաժեշտ ժամանակ տրամադրել միմյանց  որպես ամուսիններ , իսկ աշխատանքի մեջ պահել անձնականի ու գործնականի սահմանը՞:

Դա ամենևին էլ խնդիր չէ,  հատկապես հիմա, երբ ամբողջ օրը միասին ենք և օրվա մեծ մասն անցկացնում ենք միասին: Ինչ վերաբերում է գործնական-անձնական հարաբերություններին, ապա նման բան մեր միջև անգամ լինել չի կարող: Խմբի հարցերով զվաղվում է նա, իսկ ես կենտրոնանում եմ աշխատանքիս վրա: Այդպես շատ ավելի հեշտ է ու արդյունավետ և օգնում է, որ չշեղվեմ կողմնակի գործոններից:

Իսկ ընտանիքում համալրում չե՞ք նախատեսում:

Իհարկե, նախատեսում ենք: Շուտով:

Իսկ զրույցի վերջում, ի՞նչ կցանկանաք փոխանցել Ձեր երկրպագուներին:

Սիրում եմ Ձեզ: Քանի դեռ դուք կաք, մենք շարունակելու ենք ուժեղանալ և Ձեզ համար ստեղծագործել: Շնորհակալ եմ այն բազում նամակների և բարի խոսքերի համար, որ ստացա ձեզանից մեր երգից հետո: Դուք մեր ուժն եք: Շնորհակալ ենք Ձեզ անչափ:

 

 

 

 

 

 

 

 


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее