
Հել Մարգարյանը (1929-2012) համարվում է եզակի ավիակոնստրուկտորներից մեկը, ում ավանդն ամերիկյան ռմբակոծիչի ստեղծման պատմության մեջ դժվար է գերագնահատել: Ամերիկացի հայ ավիակոնստրուկտորը հայտնի է իր տեխնիկական և դիզայներական գաղափարներով աշխարհում ամենաթանկ՝ B-2 Spirit ռմբակոծիչի դիզայնով:
Գերժամանակակից ռմբակոծիչի ստեղծման համար հավաքվել էր մեծ թիմ, որի մենեջեր էր նշանակվել Հել Մարգարյանը: Ինքնաթիռի առաջին էսքիզները արվել են 1979 թվականի հունիսին: Դրանց հիման վրա էլ ստեղծվել է աշխարհում ամենահզոր ռմբակոծիչներից մեկը:
B-2 Spirit-ը նախատեսված է հակաօդային խիտ պաշտպանությունը ճեղքելու և սովորական կամ միջուկային զենքի մատակարարման համար: Ինքնաթիռի մշակման մեջ կիրառվել են քիչ տեսանելիության տեխնոլոգիաներ: Այն պատված է ռադիոկլանող նյութերով, ստեղծված է աերոդինամիկ՝ «թռչող թև» սխեմայով, ինչը թույլ է տալիս աննկատ մնալ հակաօդային պաշտպանության համակարգերի համար:
1979-1989 թթ. ընթացքում ռմբակոծիչի դիզայնի վրա ծախսվել է ընդհանուր առմամբ 23 մլրդ ԱՄՆ դոլար:
Առաջին անգամ ռմբակոծիչը ներկայացվեց հանրությանը 1988 թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ինքնաթիռներ արտադրող գործարանում, որտեղ էլ այն հավաքվել էր: Առաջին ցուցադրական թռիչքը կատարել է 1989 թվականի հուլիսի 17-ին:
Հել Մարգարյանի նախագծած ինքնաթիռը մոդեռնիզացվել է միայն 2012 թվականին: Նույն թվականին վախճանվել է նաև Հել Մարգարյանը և հուղարկավորվել Գլենդելում:
Աղբյուրը՝ newsline.am


