▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գեղամ Նազարյանը նեղվել է, որ մատաղ սերունդը «Վերջին զանգ»-ն ուրախ է անցկացրել»․զոհվածի մայր

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը` Նաիրա Մարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառմանը․ «Երբ լռել էիր, հիմա մի խոսիր։
Գեղամ Նազարյանը նեղվել է, որ մատաղ սերունդը վերջին զանգն ուրախ է անցկացրել։ Նեղվել է, որովհետև երեխաները ժպտացին, երգեցին, հագան ազգային տարազներ, տոնեցին իրենց մանկության վերջը։ Բայց ինչի՞ց է նեղվում։ Ու միթե իրավունք ունի։
Որովհետև մոռացել է։
Մոռացել է այն օրերը, երբ մեր տղաները մարտի դաշտերում արևի տակ, քամու ու ձյան մեջ՝ գիշատիչների ոտքերի տակ, անտեր թողնված նեխում էին։ Երբ մայրը խելագարված՝ որդու մարմին էր որոնում, հայրը՝ լուռ հեծկլտում։ Երբ տղաների մարմինները դիահերձարանների հատակին էին շպրտված՝ սառը, անանուն։ Երբ ուրիշները գերության մեջ էին՝ լուռ, մոռացված։ Երբ վիրավոր զինվորները ճչում էին ցավից, վերքերը թաց էին, սիրտը՝ լուռ կուլ էր տալիս խեղված մարմինը։
Ու հենց այդ ժամանակ… Այո՛, հենց այդ ժամանակ, մենք նշում էինք գունագեղ անկախության տոն։
Երբ Արցախի կեսը արդեն հանձնված էր։ Երբ թուրքը թիկունքից անցել էր ու նստել Հայաստանի սուվերեն տարածքում։ Ու մենք… մենք փարթիներ էինք անում՝ սպիտակ փարթի, գինու փառատոն, բարձրախոս, լույսեր։
Հիմա՞ եք խոսում։ Հիմա՞ եք նեղվում, երբ մի ողջ սերունդ գոնե փորձում է լինել հայկական, արժանապատիվ, հպարտ։
Հարցս մեկն է՝ բա էդ ժամանակ որտե՞ղ էիք։ Էդ ժամանակ ինչու լուռ էիք։
Ոչ, պարոն Նազարյան, մենք չենք մոռանում մեր հերոսներին։ Բայց նաև չենք մոռանում՝ ով երբ է լռել։ Ու երբ խոսում ես ազգի ցավից, հիշիր՝ ցավի մեջ փարթիներ անողները չէն կարող դատել հիշողությամբ տոնող սերնդին։
Մեր երեխաները ժպտացին՝ առանց մոռանալու։ Իսկ դուք լռեցիք՝ կարծես մոռացել էիք»։

***

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը` ստորև․ «Կար մի սերունդ, մի ոսկե սերունդ, որ վերջին զանգից պատերազմ գնաց, կռվեց, կյանքը, առողջությունը զոհեց հանուն մեզ, հանուն Հայաստանի։ Կար մի սերունդ, որ վերջին զանգը կորոնավիրուսային խելացնորության պատճառով ծածուկ էր անում։
Ինչքա՞ն հեշտ մոռացաք այդ սերնդի մասին, որքա՞ն հեշտ ուրացաք նրանց անձնազոհությունը ու այդպես էլ չսովորեցիք նրանց տված դասերը։
Ասում եք՝ չեք մոռացե՞լ։ Եթե մոռացած չլինեիք նման լպիրշ վերջին զանգ չէիք անի, ավտոմեքենաներից դուրս ցցված աղջիկներ ու տղաներ չէին լինի... Ասում եք՝ չեք ուրացե՞լ։ Իսկ եթե չեք ուրացել, ապա միթե՞ նման ցոփ ու շվայտ ձևերով են վերջին զանգ անում։ Շրջանավարտների ծնողներ, ձեզ ինչ եղավ, որ ձեր երեխաներին չեք կարողանում սթափեցնել։ Մի՞թե մեր տղերքը զոհվել են, որ վերջին զանգին երեխաներ մահանան ավտովթարի կամ կվադրոցիկլի վթարի հետեւանքով։
Ասում եք դասե՞րը չեք մոռացել։ Որ մոռացած չլինեիք ոչ միայն վերջին զանգը համեստ կանեիք, այլ ձեր երեխաների հարսանիքներին սալյուտներ չէիք խփի, մարզադաշտեր և մարզահամերգային համալիրներ չէիք վարձակալի, հարսանիք անելու համար Իջևանից Գավառ կամ Վայքից Արմավիր չէիք հասնի, ինչ է թե դահլիճը մոդայիկ է, հերոսների ծնողներին ձեր կեղտոտ քաղաքական խաղերի մեջ չէիք ներքաշի ու նրանց հարվածի տակ չէիք դնի։
Այս ի՞նչ եք անում մեր երկրի ու պետության հետ, մեր տղերքի հիշատակի հետ։ Պատերազմում շատերն են պարտվել, բայց դուրս են եկել հաղթանակած, քանի որ բանականության և բարոյականության նորմերը հետպատերազմական տասը, տասնհինգ տարիներին պահել են։ Լավ, մենք ի՞նչ ենք անում, մենք ո՞ւր ենք գնում»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее