1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Աշոտ Հ.-ի ու նրա չորս ընկերների գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղվան Պետրոսյանի նախագահությամբ:
Արագացված ընթացակարգով դատական քննությամբ հաստատված է համարվել հետևյալը. 21-ամյա Աշոտ Հ.-ն նախնական համաձայնության է եկել Գավառի բնակիչներ Գուրգեն Ս.-ի, Վոլոդյա Ղ.-ի, Ռոման Դ.-ի ու գանձակցի Հայրիկ Ե.-ի հետ՝ անչափահաս՝ 1999 թվականի փետրվարի 26-ին ծնված, տեղի դպրոցի աշակերտուհի Թագուհուն (անունը փոխված է) ամուսնության նպատակով առևանգելու վերաբերյալ:
Նախապես դերաբաշխում են կատարել: Ռոմանը և Հայրիկը առևանգմանը մասնակցելու էին որպես վարորդներ:
2016 թվականի հունիսի 22-ին, առավոտյան ժամը 9-ն անց 30-ին Աշոտը, Գուրգենն ու Վոլոդյան մտել են այն դպրոց, որտեղ սովորում էր Թագուհին, ու սպասել են առաջին հարկում: Այդ օրը Թագուհին դպրոց էր գալու՝ ավարտական քննություն հանձնելու:
Երբ աղջիկը մտել է դպրոց, Վոլոդյան նրա հետևից փակել է դպրոցի գլխավոր մուտքի դուռը, Աշոտը թիկունքից մոտեցել է Թագուհուն, երկու ձեռքով բռնել է նրա կրծքավանդակից, իսկ Գուրգենը բռնել է աղջկա ոտքերից, և արագ վազքով աղջկան տարել են դեպի դպրոցի մյուս մասնաշենքի մուտքը, դուրս են բերել դպրոցի հետնամաս:
Այդ ընթացքում դպրոցի պահակ Իշխանը տեսել է նրանց, փորձել է խոչընդոտել, բայց նրան հետևից մոտեցել է Վոլոդյան, բռնել ու չի թողել, որ շարժվի:
Երբ Աշոտն ու Գուրգենը Թագուհուն դուրս են բերել, աղջիկը դիմադրել, կտրուկ շարժումներ է արել, տղաները չեն կարողացել նրան պահել ու վայր են գցել:
Աշոտի խնդրանքով Վոլոդյան բաց է թողել դպրոցի պահակին, մոտեցել ու բռնել է Թագուհուն, այդ ընթացքում պահակին բռնել է Աշոտը:
Հետո առևանգողները աղջկան մոտեցրել են դպրոցի հետնամասում՝ փողոցում իրենց սպասող Հայրիկ Ե.-ի վարած մեքենային: Բաց դռնից աղջկան, նրա կամքին հակառակ, նստեցրել են մեքենայի հետևի նստատեղին:
Այդ ժամանակ մոտակա տներից մեկի բնակիչներից մեկը, ինչպես նաև դպրոցի պահակը մոտեցել են մեքենայի աջ մասին, փորձել են խանգարել առևանգմանը, բայց չեն կարողացել հաղթահարել առևանգողների դիմադրությունը:
Անչափահաս աղջկան առևանգելով՝ տեղափոխել են Գավառի նախկին կաբելի գործարանի մոտ, ստիպողաբար նստեցրել են այնտեղ սպասող Ռոման Դ.-ի վարած մեքենան և տեղափոխել են Սևան քաղաքի ափամերձ քոթեջները, որտեղ աղջկան պահել են մինչև հունիսի 24-ի գիշերվա ժամը 1-2-ի սահմանները:
Աշոտը այդ ամբողջ ընթացքում փորձել է համոզել աղջկան, որ նա ամուսնանա իր հետ, բայց աղջիկը մերժել է, ի վերջո նրան վերադարձրել են տուն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


