Գավառի Հացառատ թաղամասում գերեզման փորելիս ուրարտական շրջանի դամբարան են բացել: Դամբարանը և նրանում զետեղված գույքակազմը վերաբերում են Վանի թագավորության (Ուրարտուի) ռազմաքաղաքական պատմության վերջին փուլին՝ մ.թ.ա. VII դարին։
«Հայաստանն այնպիսի վայր է, որտեղ ամեն մետրի վրա կարող է պատմամշակութային արժեք ունեցող որևէ հուշարձան բացվել և այս առումով Գավառը եզակի տարածք չէ: Անցած տարի հոկտեմբեր ամսին շինարարական աշխատանքների ժամանակ գյուղացիները պատահաբար շատ հետաքրքրիր հնագիտական նյութ են հայտնաբերել: Կան կավանոթների բացառիկ նմուշներ, խեցեղենի կտորներ, երկաթե զենքի բեկորներ: Գտնվել են մարդու և կենդանիների ոսկորներ, իհարկե` ոչ ամբողջական։ Ըստ այս պահի ուսումնասիրության, առկա են հասուն տարիքի հինգ մարդկանց ոսկորներ, որոնցից չորսը տղամարդիկ են: Եղել է բարձրաստիճան անձի թաղում, նաև ինքնակամ զոհաբերություններ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը:
Նրա խոսքով՝ գտածոները վկայում են, որ այդ ժամանակ Սևանի ավազանը ևս ռազմավարական առումով Վանի թագավորության (Ուրարտուի) համար քաղաքական հետաքրքրություն ներկայացնող կարևոր տարածքներից մեկն է եղել.
«Սևանի ավազանը կարևոր դեր է ունեցել Արցախ տանող ճանապարհի առումով, հնարավորություն է տվել օգտվել Սոթքի ոսկու հանքերից, ինչպես նաև զբաղվել հյուսիսարևմտյան Իրանի ոսկու հանքերի վերահսկմամբ:
Դամբարանը համաժամանակյա է Հացառատի գերեզմանատան մոտակայքում գտնվող Բերդի գլուխ ամրոցի ուրարտական շերտին, այսինքն` այստեղ ուրարտացիները հաստատվել են տևական ժամանակ ու դեպքերի բերումով նաև բարձրաստիճան անձանց թաղումներ իրականացրել: Այժմ սկսվել է ոսկորները վերականգնելու աշխատանքը, իրար են միացվում նախ երկար ոսկորները՝ մարդկանց հասակը պարզելու համար, դրան կհաջորդի գանգի վերականգնումը, ինչն ամենաբարդն է, քանի որ գանգի ոսկորները փշրված են»,-նկատեց Աշոտ Փիլիպոսյանը:
Նշենք, որ պեղումները կշարունակվեն մարտ ամսից:
Անի Կարապետյան


