Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին վստահ է, որ ոչ մի եվրոպական երկիր չի ճանաչի Կատալոնիայի անկախությունը:
Il Giornale-ին տված հարցազրույցում նա հաստատել է ավելի վաղ սոցցանցերում հայտնած կարծիքն այն մասին, որ Եվրոպան չի մոռանա, որ Կատալոնիան Իսպանիայի սահմանադրական կարգն է խախտել, որն էլ իր հերթին ԵՄ կարգի մաս է կազմում:
Հետեւաբար, Իսպանիայից անջատումը Եվրոպայից անջատում է նշանակում: Կատալոնիայի բնակիչները հավասարապես եվրոպացիներ են եւ իսպանացիներ, կարծում է Տայանին:
Նա հիշեցրել է, որ եվրոպական ինստիտուտները ի սկզբանե հասկացրել են, որ դա Իսպանիայի ներքին գործն է:
«Եվրոպան չի կարող փոքր երկրներից բաղկացած լինել: Ես աջակցում եմ վարչական ինքնավարություններին, բայց մեզ միավորող արժեքները պետք է անձեռնմխելի լինեն: Հակառակ դեպքում՝ վնասը կլինի նույնքան մեծ, որքան Կատալոնիայում»,-ասել է նա:


