Wnews.am-ը գրում է.
Վերջին շրջանում չեն դադարում քննարկումները հայկական շոու-բիզնեսի շուրջ: Արաբա-թուրքական երաժշտությունն ու պարզունակ բառերը բարկացնում են շատերին: Մյուս կողմից, հայ երգիչ-երգչուհիները մեկը մյուսի ետևից ներկայացնում են տեսահոլովակներ, այսպես կոչված, կոմերցիոն երաժշտությամբ. «Մենք ներկայացնում ենք այն, ինչի պահանջը կա»,- արդարանում են նրանք:
Կայքը տիրող խառնաշփոթի մասին զրուցել է երգչուհի, հեղինակ-կատարող, բազմաթիվ հայ երգիչների վոկալի ուսուցիչ Սրբուհի Ստամբուլցյանի հետ:
–Երգի թատրոնում աշխատել եք հայկական շոու բիզնեսում այժմ հայտնի շատ երգիչների հետ: Հետևո՞ւմ եք Ձեր սաների գործունեությանը ` թատրոնից դուրս:
-Արդեն 2 տարի է թատրոնում չեմ՝ մասնավոր դասեր եմ տալիս: Նախկին աշակերտներս էլ, անշուշտ, ցույց են տալիս իրենց գործերը, բայց արդեն խորհուրդ չեն լսում՝ պահանջարկի ետևից են վազում: Ինչ ասեմ՝ էդտեղ արդեն անզոր եմ: Խնդիրը երգերը երգողները չեն, այլ դրանք պատվիրողները, դրանց համար վճարողները:
-Այսինքն համաձա՞յն եք, որ այն ինչ պահանջում են, դա էլ երգում են: Մի՞թե դա արդարացում է:
-Ցավոք այդպես է: Վերջին տասնամյակների ընթացքում սեփական դարձած հեռուստա – ռադիո ալիքներն ու համեգային դահլիճները խեղեցին, չասեմ ժողովրդի, բայց մեծ մասսաների ճաշակը: Մյուս կողմից, իսկ ո՞վ է ասել, որ մեր երգիչների մեծամասնությունը բարձր մտավորի ու հոգևորի կրող են: Նույն բանն է, թե մեղադրել առևտրականին պլպլուն շորեր վաճառելու համար:
– Որպես խոսքերի հեղինակ, համաձա՞յն եք, որ ժամանակն է թելադրում պարզունակ, հիշվող խոսքեր գրելը:
– Մենք պետք է ունենանք գեղխորհրդի նման մի բան, որը կհսկի սերնդին ներկայացվող մեղեդիները, վերագրենք լեզվի օրենքից հանված այն կետերը, որոնք պահպանում էին լեզվի անաղարտությունը: Ինչ խոսք, թեթև ժանրի էստրադային ու պարային երգերը հո խորիմաստ բառեր չե՞ն կարող ունենալ: Բայց դրանք գրվում են հայոց լեզվի բոլոր կանոնները խախտելով, փողոցային ոճով, անգրագետ: Կարելի ասել, որ անգամ հայերեն չեն, պարզ չէ՝ ինչ լեզվով են գրված: Երբեմն անգամ չեմ հասկանում՝ ինչ են գրել, բառակույտ: Մեծ դեր ունի նաև գրաքննադատությունը, որը, համենայն դեպս երաժշտական ասպարեզում, ուղղակի բացակայում է:
-Հիմա շատերն են քննադատում, բայց ովքե՞ր պետք է իրավամբ դրանով զբաղվեն:
-Էդ “շատ ասված”-ը շա՜տ վերացական ու ընդհանրական է ներկայացվում: Հաճախ մեր սկսնակ ու տգետ լրագրողները նույն հարցով դիմում են էն մարդկանց, ովքեր հենց իրենք են աղավաղում թե՛ մեղեդիները, թե՛ լեզուն: Դրանք էլ շատ լուրջ ու շոյված, որ իրենց առանձնացրել են թյուրիմածությունների շարքից, համաձայնվում են, որ իսկապես լուրջ է վիճակը: Ծիծաղելի, ծիծաղելի… ցավալի… Քննադատությունը լուրջ արվեստ է: Պետք է անուններով ու օրինակներով վերլուծություններ ներկայացվեն: Բայց մեր արվեստի մեջ աշխատող լավագույն գրաքննադատները իրենց մակարդակից ցածր են համարում “շոՎու-բիզնես”-ին անդրադառնալը: Եվ ինչ… Մեծ մասամբ պատվիրատուն ընտրում է այն հեղինակին, որին շատ են գովազդում: Իսկ ո՞ւմ են այսօր գովազդում… ամենաանգրագետ-անտաղանդներին: Մեր լավագույն հեղինակներն այսօր անգործության են մատնված: Տաղանդավոր մարդն իր գործն է անում – չի վազում իրեն գովազդելու, սրա-նրա հետ ընկերություն անելու, որ իր համար ճամփա հարթի: Այդ գործն իրենց վրա պիտի վերցնեին արվեստաբաններն ու գրաքննադատները: Ավաղ…
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում