1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Բագրատ Ա.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Բագրատը դանակի 7 հարվածով փորձել էր սպանել իր հարսանիքի քավորին: Քավորի ու սանիկի հարաբերությունները վատացել էին գումարային խնդիրների պատճառով:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսին Բագրատը դիմել էր քավորկնոջը՝ ասելով, թե գումարի կարիք ունի: Նա խնդրել էր, որ քավորկինն իր անունով «Այֆոն 6» ձեռք բերի ապառիկով՝ ասելով, թե հեռախոսը ցանկանում է վաճառել, լուծել գումարային խնդիրները: Բագրատը խոստացել էր անձամբ ապառիկի վճարումները կանոնավոր կատարել ու խնդիրներ չառաջացնել:
Քավորկինը չէր մերժել, հեռախոսն իր անունով գնել ու հանձնել էր սանիկ Բագրատին: Վերջինս մի քանի ամիս հետո դրժել էր խոստումը, բանկային վճարումները չէր կատարել, ինչի պատճառով սանիկ-քավորական հարաբերությունները լարվել էին:
2016 թվականի նոյեմբերի լույս 13-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 15-ի սահմաններում Խորենցու 2-րդ նրբանցքում քավորը՝ Արտյոմ Բ.-ն, հանդիպել է սանիկին՝ Բագրատ Ա.-ին: Նրանց միջև հիշյալ խնդրի վերաբերյալ վեճ, ապա կռիվ է առաջացել, որի ժամանակ, ըստ մեղադրանքի, քավորին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով Բագրատը 7 անգամ հարվածել է Արտյոմի կրծքավանդակի, որովայնի, ձախ ձեռքի շրջաններին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:
Ըստ մեղադրանքի՝ Բագրատն իր դիտավորությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ տուժողի օգնության կանչերը լսել են մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանները, վրա են հասել, տուժողին անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ցուցաբերված բուժօգնության շնորհիվ տուժողի կյանքը փրկվել է:
Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները: 2011 թվականին Բագրատը մտերմացել , ապա փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել Դ.-ի հետ: Նրանց հարսանիքի քավորը Դ.-ի ընկերուհու ամուսին Արտյոմն է եղել:
Փաստական ամուսնության ընթացքում՝ 2015 թվականի օգոստոսին ծնվել է Բագրատի զավակը: Բագրատը ճանաչել է հայրությունը: Քավորկնոջ անունով ապառիկ հեռախոս ձեռք բերելու, ապա բանկային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով վատացել են քավորի ու սանիկի հարաբերությունները:
2016 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 20-ից սկսած՝ Բագրատը Երևանում ժամանակ է անցկացրել ընկերուհու՝ Է.-ի հետ: Նրանք գնացել են Պարոնյան փողոցում գտնվող խորտկարան, ընթրել են, կեսգիշերին դուրս են եկել խորտկարանից ու ընկերուհուն պատկանող մեքենայով գնացել են Խորենացի փողոց:
Ընկերուհու տնից ոչ հեռու կանգ են առել, մեքենայի մեջ զրուցել են: Այդ ժամանակ իր մեքենայով անցել է քավոր Արտյոմը: Նա մոտեցել է Բագրատի ընկերուհու մեքենային, Բագրատին առաջարկել է իջնել մեքենայից ու խոսել:
Բագրատն իջել է, ընկերուհին մեքենայով հեռացել է:
Բայց հանդարտ խոսակցություն չի ստացվել քավոր-սանիկի միջև: Նրանք վիճել են, որի ընթացքում Բագրատն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտյոմին, ծանր վնասվածքներ է պատճառել, որոնք ուղեկցվել են կրծոսկրի, առպատային թերթիկի, որովայնամզի վնասումով, հեմոթորաքսով, հետորովայնամզային արյունահավաքով, խորանիստ մկանների վնասումով:
Տուժողն օգնություն է կանչել, այդ կանչերը լսել ու վրա են հասել մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանները: Նրանք Արտյոմին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դեպքի վայրից հեռանալ չհասցրած Բագրատին բռնել ու բերման են ենթարկել ոստիկանություն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում


