Սոնա Աղեկյանի գրառումը՝ կից տեսանյութով․
Երևանի փողոցները դարձրել են բաց ու վտանգավոր շինհրապարակներ
Քաղաքը լցված է փոշի առաջացնող շինհրապարակներով, քաղաքային տրանսպորտի և պողոտաների զգալի հատվածներում քաղաքացիները շնչում են շինարարական փոշի՝ առանց որևէ պաշտպանիչ պատնեշի, բազմաթիվ շինհրապարակներում բացակայում են ոչ միայն օդի որակի մոնիթորինգային սարքերը, այլև փոշու կանխարգելման տարրական միջոցները։ Դե, իսկ շինանյութ տեղափոխող մեքենաները շարունակում են քաղաքով մեկ երթևեկել առանց ծածկի, առանց անվադողերի լվացման, իսկ բեռնաթափման վայրերում՝ քամու առաջին ալիքի հետ քաղաքը շնչում է բետոնի ու ցեմենտի փոշի։
Հսկողության մեխանիզմներն անարդյունավետ են, գործնականում վերահսկողություն չկա։ Տվյալները պարզապես զետեղվում են կայքում՝ առանց դրանց հիման վրա իրականացվող քաղաքականության։ Օրինակ՝ անգամ օդում փոշու բարձր քանակության դեպքում շինարարությունը չի դադարեցվում, շինարարական բեռնատարների երթևեկությունը՝ չի սահմանափակվում։
Տուգանքներով խնդիրը չի լուծվի՝ 2,5 միավորանոց քաղաքային իշխանությունը օդի աղտոտման դեմ հիմնականում պայքարում է միայն տուգանքների միջոցով։ Սակայն դա բավարար չէ, երբ խնդիրն իր ծավալով արդեն հասել է հանրային առողջապահական ճգնաժամի աստիճանի։ Տուգանքը պարզապես չեզոքացնում է օրենքի տեսանելիությունը, մինչդեռ համակարգային վերահսկողություն չկա։ Մայրաքաղաքի փողոցները շարունակում են ծառայել որպես բաց շինհրապարակ՝ մարդկանց առողջության հաշվին։