▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ԵՊՀ-ն կրթական օջախից վերածում են քաղաքական հաշվեհարդարների դաշտի»

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը գրում է.

ԵՊՀ-ն ունի իրեն և միայն իրեն հատուկ խորհրդանիշներ - մարդիկ, ովքեր հենց իրենք են ԵՊՀ-ն:

Սևակ Արզումանյան, Մերի Քոչար, Հենրիկ Էդոյան, Գուրգեն Մելիքյան, Ռուբեն Սաքապետոյան, Բաբկեն Հարությունյան, Լենդրուշ Խուրշուդյան և շատ այլ գիտական գագաթներ տարիներ շարունակ ձևավորել են այլ միջավայր, բարձրցրել են ԵՊՀ-ն կրթական այլ աստիճանի:

Նրանց շարքում իր կայուն տեղն ունի նաև պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը:

Գագիկ Ղազինյանի հետ աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու և փաստացի ԵՊՀ ուսանողներին նրա դասախոսություններից զրկելու այս որոշումը խոսում է միայն ու միայն կրթական խոշոր օջախը մանր քաղաքական հաշվեհարդարների դաշտի վերածելու մասին…

Հ.Գ. Վերջին տարիների դժվար քաղաքական պայքարի ճանապարհին նիկոլյան ժամանակաշրջանի ԵՊՀ-ն առաջին անգամ չէ, որ պրոֆեսիոնալ բարձր գիտելիքների տեր մասնագետներից ազատվելու գիծ է որդեգրել, և մեծ է ցանկը ԵՊՀ-ից հեռացված դասախոսների, ովքեր վստահաբար կրթել ու կրթում էին արժանապատիվ սերունդ:

Ցավում եմ, որ ապրում ենք այսպիսի օրեր...

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առանց ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը վերածվում է օրենսգիտական տեխնիկումի։
Ինչո՞ւ։
Որովհետև իրավաբանությունը ոչ միայն ու ոչ այնքան գիտելիքի մասին է, որքան արժեքների ու կեցվածքի։ Իսկ արժեքներն ու կեցվածքը չեն սովորում կարդալով կամ լսելով, այլ սովորում են ընդօրինակելով։ Ընդ-օրինակելով։
Հիմա ո՞ւմ օրինակին պետք է հետևեն ուսանողները»:

***

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Կրթական համակարգի իրական արժեքը շենքերով կամ պաշտոններով չի չափվում։ Այն չափվում է մարդկանցով, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց գիտելիքն ու փորձը փոխանցել են սերունդներին։
Գագիկ Ղազինյանը հենց այդ մարդկանցից է։ Ավելի քան չորս տասնամյակ նա դասավանդել է Երևանի պետական համալսարանում, ղեկավարել իրավագիտության ֆակուլտետը, պատրաստել հազարավոր իրավաբաններ, որոնցից շատերն այսօր դատավորներ են, փաստաբաններ, դատախազներ, գիտնականներ և պետական համակարգի պատասխանատու պաշտոնյաներ։ Նրա մասնագիտական և մանկավարժական ներդրումը բազմիցս գնահատվել է հենց ԵՊՀ-ի կողմից, որտեղ նրան բնութագրել են որպես իրավաբանական կրթության հիմնասյուներից մեկին, որի դասախոսությունները ձևավորել են ոչ միայն գիտելիք, այլև մասնագիտական արժանապատվություն և պատասխանատվություն։
Եթե համալսարանը հրաժարվում է նման փորձառություն ունեցող մասնագետից, ապա դա պարզապես կադրային փոփոխություն չէ։ Դա նաև հարց է, թե որքանով ենք մենք գնահատում գիտելիքը, փորձը և այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են սերունդներ կրթելուն։
Համալսարանը կարող է գտնել նոր դասախոսներ, բայց տասնամյակներով ձևավորված դպրոց, հեղինակություն և փորձ ստեղծելը տարիների, երբեմն՝ ամբողջ կյանքի աշխատանք է»։

***

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1997 թվականին ընդունվել եմ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ։ Այդ ժամանակ ֆակուլտետի դեկան էր նշանակվել Գագիկ Ղազինյանը։ Բոլորին հայտնի էր, որ նրան հաջողվեց ֆակուլտետում սովորող հայտնի մարդկանց կամ պաշտոնատար անձանց «վայրագ զավակներին» գոնե վարքագծային առումով հնազանդեցնել։ Այդ պատմաշրջանի համար դա լուրջ ձեռքբերում էր։
Ղազինյանի բանաձևերն էին՝ ուսանողը պարտավոր է հարգել դասախոսին, իսկ իրավաբանը՝ չանցնել մասնագիտական արժանապատվության նվազագույն սահմանը։
Անկախ Ղազինյանի հետ իմ ունեցած կնճռոտ հարաբերություններից և ֆակուլտետում եղած խնդիրներից, զուտ քաղաքական շարժառիթներով ԵՊՀ-ում իրավաբանություն սովորող նոր սերնդին Ղազինյանի կերպարի հետ շփվելու և նրանից սովորելու հնարավորությունից զրկելը չափազանց էժան ու ցածր քայլ է»։

***

Նշենք, որ «Ժողովուրդ»-ը, հղում կատարելով աղբյուրներին գրել է, որ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, ՀՀ արդարադատության խորհրդի նախկին անդամ Գագիկ Ղազինյանը կազատվի Երևանի պետական համալսարանի դասախոսի աշխատանքից։
Հուլիսի 7-ին Ղազինյանին տեղեկացրել են, որ համալսարանը նրա հետ այլևս չի շարունակելու աշխատանքային պայմանագիրը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ղազինյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանի հայրն է։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее