Այսօր Երևանի պետական համալսարանի դռները փակ էին։ Տարկետման օրենքի դեմ պայքարի դուրս եկած ուսանողները խոչընդոտների հանդիպեցին գրեթե բոլոր մասնաշենքերում։ Ըստ ուսանողների՝ մայր բուհի անվտանգության աշխատակիցներին կարգադրել էին ամեն գնով փակ պահել դռները, չթողնել ուսանողներին մտնել ֆակուլտետի տարածք կամ դուրս գալ այնտեղից։ Ստուգում էին ուսանողների անցաթղթերը, անցկացնում էին հատուկ խստացված «ներկա-բացականեր» և բացակա ուսանողների անունները ցուցակագրում էին՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենք ուղարկելու համար։
Ըստ ականատեսների՝ այսօր անվտանգության աշխատակիցների և ուսանողների միջև քաշքշուք է եղել։ Մասնակցել են 300-ից ավելի ուսանողներ, ովքեր բողոքի ակցիան սկսել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից և երթով քայլել են մյուս ֆակուլտետների մասնաշենքերի ուղղությամբ։
Արևելագիտության ֆակուլտետի ուսանողուհի Աննա Ռաֆյանի խոսքերով՝ ԵՊՀ ղեկավարությունը չունի հստակ դիրքորոշում այս հարցի շուրջ։ Կան դեկաններ, որոնք կողմ են ուսանողների կամաարտահյտությանը, մասնավորապես արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Կան նաև այնպիսի դեկանները (ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը), ովքեր կանչում են ակտիվ ուսանողներին, առանձնազրույց ունենում, բացատրական աշխատանքներ կատարում և դեմ արտահայտվում ուսանողների ինքնակազմակերպմանը։
Պարզաբանումներ ստանալու համար՝ կապվեցինք ԵՊՀ հասարակության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանի հետ, ով մեկնաբանեց այսպես․
«Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին անում, և այդ պահին համալսարանում դասապրոցես էր ընթանում, այդ ժամանակ դռները փակվել են ։ Որևիցե քաշքշուք չի եղել, Սև շենքի մոտ՝ Աբովյան փողոցի դիմաց ուսանողները վանկարկումներով փորձել են խանգարել դասապրոցեսը։ «Ներկա-բացականեր» չեն եղել, հատուկ հրահանգներ նույնպես, պետք է զերծ մնալ նման շահարկումներից։ Ուսանողների իրավունքն է բողոքելը, բայց հարցը շահարկել, դրամատիկ ձևով ներկայացնել պետք չէ։ Ես լրագրողներին էլ խորհուրդ եմ տալիս չշահարկել»։
Իսկ թե ինչ տեսակետ ունի ԵՊՀ-ն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում պաշտպանության նախարարության առաջարկած փոփոխությունների վերաբերյալ Կարեն Գրիգորյանը նշեց․
«ԵՊՀ-ն մեծ կառույց է, և մեր տեսակետը ձևավորվում է քննարկումների արդյունքում, կոնկրետ օրենքի մասին մեր տեսակետը կհայտնենք ավելի ուշ, բայց ուսանողների բողոքի ակցիային ըմբռնումով ենք մոտենում։ Մարդիկ դեմ են, արտահայտում են իրենց կարծիքը, մենք չենք խոչընդոտում ու չենք ուղղորդում։ Համալսարանի մոտեցումը այս խնդիրն կներկայացնենք առաջիկա օրերին»։
Նյութը պատրաստեց Հովհաննես Եսայանը
Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի


