Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևն իր սիրելիի՝ Ժաննա Ֆրիսկեի մահվան տարելիցի կապակցությամբ, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Ես ձգտում էի բոլոր հնարավոր ձևերով պատրաստվել: Փորձում էի պատկերացնել այն պահը, երբ դա կկատարվի, չէ՞ որ արդեն կասկած չկար, որ դա ժամանակի հարց է: Շատ գրքեր էի կարդում՝ բժշկականից սկսած մինչև հոգևոր, հարազատներին զգուշորեն հարցուփորձ անում, թե իրենք ինչպես են հաղթահարել այդ պահը: Բայց այդ ամենը անօգուտ էր՝ այն պահը, երբ իմանում ես, որ ամեն ինչ վերջացած է, կաթվածահար է անում, քեզ դարձնում համր ու անշարժ, խուլ ու լրիվ դատարկված: Բարդ է ասել, արդյոք այդ ողբերգական լուրը բերեց թեթևացում, որի մասին կարելի էր միայն երազել կենաց մահու երկու տարվա պայքարի հուսահատ մարաթոնից հետո: Ըստ երևույթին՝ ոչ: Թեթևացման փոխարեն եկավ դատարկությունը: Իսկ հետո ցավը: Այն ամենը, ինչ իմաստ ուներ այդ ժամանակ, գրքերն էին ու գինին, գինին ու գրքերը, գրքերը, գինին ու քունը: Ուրիշ ոչինչ չէր օգնում շեղել մտքերս, սառեցնել ցավը, մոռանալ ամեն ինչ: Եկավ մի պահ, երբ այլևս ոչ մի ջանք կարևոր չէր: Կարելի էր ոչինչ չձևացնել, պետք չէր ոչինչ բացատրել, պետք չէր տպավորություն թողնել: Կեղտ թափող հեռուստաէկրանը, սեփական մաղձով թունավորված մարդիկ, վեճերը՝ այդ ամենը մնացին հեռվում:
Հիմա, երբ հետ եմ նայում՝ ո՞վ կարող էր այն ժամանակ պատկերացնել, որ հիվանդությունն ու մահն անվերջանալի բամբասանքների, եթերների, հոդվածների ու մեկնաբանությունների առիթ կդառնան: Ինչպե՞ս կարելի էր ենթադրել, որ մեկի վիշտը սնունդ կդառնա միլիոնավոր ուրիշների բամբասանքի համար: Ատելությունը, կամազրկությունը, էժանագին փառքն ու զզվելի թուլությունը կփոխարինեն լռելյայն, հանգիստ ու անկեղծ վիշտն ու հարգանքը մահվան նկատմամբ: Պայքարի սարսափելի երկու տարիներ: Ու դրան հաջորդած ոչ պակաս սարսափելի թունավոր տարի:
Եկել է ժամանակը, որ ես հավատարիմ լինեմ ինքս ինձ, շունչ քաշեմ ու թոթափեմ վերջին տարիների բեռը: Ես զգում եմ իմ գիտակցության թափանցիկ, տխուր հստակությունը, որն այլևս մթագնած չէ վախով, նկրտումներով ու բարդույթներով: Այս հոգեվիճակն ինձ պարգևեց մտքերի զրնգուն մաքրություն՝ երբեք ես այդքան նրբորեն չեմ զգացել ամեն ինչ՝ մարդկային զգացմունքներից սկսած մինչև երաժշտական ստեղծագործություններ: Դատարկությունը թույլ է տվել, որ ես ինքս իմ ներաշխարհ խորասուզվեմ, ինքս ինձ այնքան մոտենամ, որքան հնարավոր է: Ես լսում էի ծովի ձայնն ու վայելում որդուս, որը իմ անհավանական ուժն է, այդ փոքրիկ տղան, առանց գիտակցելու, ինձ լցրել է լույսով ու չի թողել, որ ես խորտակվեմ: Ես այլևս անցյալով չեմ ապրում: Եվ միայն երբեմն, ամենաանսպասելի պահերին եմ հասկանում, թե ինչքան եմ կարոտել քեզ: Ափսոս, որ հիմա իմ կողքին չես: Ես պատմում եմ քո մասին մեր որդուն, իսկ նա ուշադիր լսում է: Նա ճանաչում է քո ձայնը, ճանաչում է քո դեմքը ու ժպիտը: Իսկ ես նրա մեջ ճանաչում եմ քեզ, մանրուքներում, թե ինչպես է գլուխը շրջում, նրա մատների ծայրերում, նրա ծիծաղի մեջ: Եվ դրանից ես հստակ հասկանում եմ, որ սերը ողջ է, չնայած բացակայությանը: Նա պարզապես կա»,- գրել է Դմիտրի Շեպելևը: