ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, որ օրեր առաջ Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։
Տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում: Այս մասին հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
«2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիրակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք, 1 անձի վերաբերյալ կա ձերբակալման որոշում»,- հաստատել է Կիմա Ավդալյանը:
***
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել. «Արարատի մարզպետի աշխատակազմը խորապես մտահոգված է Մխչյանի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում տեղի ունեցած միջադեպով։
Խստորեն դատապարտում ենք կրթական հաստատությունում արձանագրված անթույլատրելի երևույթը և հայտարարում, որ դեպքը կմնա մշտական վերահսկողության ներքո, կանենք հնարավորը՝ կանխելու նման իրավիճակների կրկնությունը: Մեզ համար շոկային և ցավալի է նման միջադեպերի գոյությունը հատկապես դպրոցում՝ այն վայրում, որտեղ երեխաները պետք է լինեն առավելագույն պաշտպանված: Մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները պարբերաբար այցելում են դպրոց՝ տեղում իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և լուծումներ գտնելու նպատակով: Իրավապահ մարմիններն արդեն իսկ նախաձեռնել են քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ երեխաներին սպիտակ փոշիանման զանգված փոխանցելու դեպքով 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ մեկ անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում»։
Աղբյուրը՝ Ժողովուրդ