Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը ցանկանում են դարձնել կրթամշակութային հարթակ:
«Կարևորում ենք տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների հետ աշխատանքը, քանի որ մեր մի քանի հանդիպումները ցույց տվեցին, որ անգամ նրանք ոչինչ չգիտեն թանգարանի մասին, ծրագրերում էլ չեն ընդգրկում: Ուստի, որոշեցինք գիտաժողով կազմակերպել ու սկսել համագործակցել: Նախաքրիստոենական խորհրդանիշերը մեզ փոխանցող նմուշներն ամեն տեղ չէ, որ կան: Ցավալի է, բայց փաստ՝ այսօր թուրքական կտորով տարազ ենք կարում: Զարդանախշերի մասին էլ չեմ ասում: Սխալները շատ-շատ են»,-մեզ հետ զրույցում ասաց կենտրոնի գիտական քարտուղար Նանե Բագրատունին՝ հավելելով.
«Մեր միջավայրը շատ գեղեցիկ է: Փորձում ենք դինամիկ դարձնել: Թանգարան այցելողներն անգամ կարող են հայկական ժողովրդական երգերն ունկնդրել կենդանի կատարմամբ: Օրինակ՝ հուլիսի 21-ին «Կտոր մը երկինք» խմբի համերգն է: Թանգարանում կազմակերպում ենք նաև վարպետության դասեր՝ գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն, ազգագրական պարեր»:
Նշենք, որ Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում և ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի և կերպարվեստի նմուշներ: 1930-ական թթ. վերջին ազգագրագետ-բանահավաք Հաբեթնակ Բաբայանի գլխավորած մի խումբ նվիրյալների ջանքերով հիմնադրվել է Ժողովրդական ստեղծագործության տունը, որի հավաքածուն հիմք է հանդիսացել Ժողովրդական արվեստի թանգարանի կազմավորման համար: Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1978թ., Հայաստանի մշակույթի նախարարության կողմից, հիմնադիր և առաջին տնօրեն՝ ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյան: Թանգարանի գործունեությունը տարիներ շարունակ ուղղված է եղել հայ ժողովրդի մշակութային ժառանգության կարևորագույն մաս կազմող ժողովրդական արվեստի նմուշների հավաքմանը, պահպանմանը, զարգացմանն ու հանրահռչակմանը: Հավաքածուն (շուրջ 10.000 առարկա) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ:
Անի Կարապետյան


