▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բուհի միջոցները վատնելու, կաշառակերության մեջ մեղադրվող ռեկտորը համալսարանից վտարել է 7 տղա ուսանողի, վաճառել 15 տոննա գիրք

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են: Սահակ Մինասյանը, սակայն, հայտարարում է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և դա կանի միայն հիմնավոր փաստարկների առկայության դեպքում: Նրան մեղադրում են բուհի միջոցները վատնելու, կաշառակերության ու կոռուպցիայի մեջ:

Այսօր լրագրողներին հերթական անգամ հանդիպեցին  ռեկտորի որոշմամբ աշխատանքից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանը,  Հովհաննես Խորիկյանն ու պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը՝ հույս ունենալով, որ նոր կառավարությունը, իրավապահ մարմինները  կզբաղվեն այս հարցով:

«Անօրինականությունների դեմ մեր պայքարը սկսվել է 8 ամիս առաջ: Խախտվել է բուհի կանոնադրությունը, կատարվել են տարատեսակ հանցագործություններ՝ կապված գնումների, շինարարության հետ: Օրինակ՝ 118 միլիոն դրամ է պահանջվել՝ համալսարանի դահլիճի վերանորոգման համար, ճաշարանի համար՝ 25 միլիոն դրամ և այլն: Ուսումնական տարվա սկսվելուց 3 ամիս անց պարոն Մինասյանը համալսարանից վտարեց  7 տղա ուսանողի, ովքեր  օգտվում էին տարկետման իրավունքից: ՄԻնչև հիմա ոչ ոք չի պատժվել: Բոլորի համար զարմանալի կլինի, եթե իմանա, որ դասաբաշխումներն ու ուսումնական պլանները հաստատվել են ուսումնական տարվա սկսվելուց 1 ամիս անց՝ հոկտեմբերի 2-ին, այն դեպքում, որ ամռանն են հաստատվում»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Հովհաննես Խորիկյանն էլ հավելեց.

«Մեր պայքարը մշտապես ուղեկցվել է դասադուլներով: 2018թ. փետրվարին ես հացադուլ էի հայտարարել. քանի որ ռեկտորը ամբիոնների վարիչների և դեկանների ոչ լեգիտիմ ընտրություն էր կատարում: Պահանջեցի հանդիպում ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանի  հետ, բայց արձագանք չեղավ: Ավելի ուշ երբ հանդիպեցի Լևոն Մկրտչյանին՝ ասաց, թե ի՞նչ ես մտածում, եթե հացադուլ ես հայտարարում,  ես գայի Գյումրի, հանդիպեի քեզ հետ, վաղը այլ բուհերում էլ նման բաներ կլինեն, հիմա պետք է շրջագայե՞մ ամբողջ հանրապետությունում: Ինչ վերաբերում է ռեկտորին, ապա նա միայն իր շահի մասին է մտածում: 15 տոննա գիրք ոչնչացրեց 300.000 դրամի համար, այն դեպքում, որ մեկ հատորը հիմա գրախանութներում 15.000-30.000 դրամ է: Դրանք թուրքերեն-ռուսերեն, պարսկերեն-հայերեն բառարաններ էին և այլն: Որպես պատմաբան՝ ապշած եմ, որ հայ մարդը կարող է ատել գիրքն ու գրականությունը: Նրա նպատակը համալսարանը «Շիրակ մոլ» դարձնելն է: Նշեմ, որ ռեկտորի հետ միասին պատասխանատվություն է կրում Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը»:

Անահիտ Ֆարմանյանն էլ ընդգծեց, որ մեկ տարվա մեջ համալսարանում 2 անգամ կառուցվածքային փոփոխություն է կատարվել, իսկ նպատակն աշխատողներից ազատվելն է եղել:

«Այս փոփոխությունների արդյունքում 1 օրվա մեջ աշխատանքից հրաժարվեց 21 ամբիոնի վարիչ, 6 դեկան»:

Անի Կարապետյան

 Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее