Այսօր Երևանի ավագանու նիստում քննարկվում էր «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի Երևան քաղաքի Ազատության պողոտայի համար 19 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության և վերանորոգման ծրագրին հավանություն տալու, «Արաբկիր մշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով Հրանտ Թոխատյանին տրամադրելու, «Արաբկիր մշակութային կենտրոն»-ը լուծարելու մասին հարցը:
«Վերջապես գտնվեց մի շենք, որը հնարավորություն կտա դերասաններին խաղալ, ապահովել լեփ-լեցուն դահլիճներ»,-ելույթում ասաց Հրանտ Թոխատյանը՝ հավելելով.
«Շենքը ահավոր վիճակում է: Միայն ասում ենք՝ պատմամշակութային է, իսկ ի՞նչ է մնացել բացի դրսի պատերից: Ոչինչ: Բարբարոսային վերաբերմունք է դրա նկատմամբ: 10 տարին քիչ է այն ամենի համար, ինչ ուզում ենք անել այնտեղ: Եթե որևէ մեկը օրինակ կբերի, որ 1 միլիոն դոլարին համարժեք դրամ ներդնելով հնարավոր է 1 լումա վերադարձնել, միայն կասեմ բրավո ու կհրավիրեմ մեզ հետ աշխատելու: Այսօր պետք է ստեղծվեն թատերական դպրոցը, ուսումնարանը, որոնք գոյություն չունեն: Լինելու է նաև մանկական թատրոն»:
«Երկիր ծիրանի»-ի անդամ Սոնա Աղեկյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք կա ծրագիր շենքը վերականգնելու մասին, իսկ եթե ոչ՝ «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամը ներկայացրե՞լ է նախագիծ դրա վերաբերյալ:
Նրա խոսքով «Արաբկիր մշակութային կենտրոն»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Համբարձումյանը ոչինչ չի արել՝ բացի շենքը ավերակների վերածելուց:
«Ի՞նչ երաշխիք ունեք, որ շենքը չի վերածվելու սրճարանի, հարսանյաց սրահի՝ ապահովելով թամադայի մշտական աշխատանքը»,-հարցրեց Սոնա Աղեկյանը:
Հիմնական զեկուցողը պատասխանեց, որ տարածքը չի նվիրաբերվում, ուղղակի 10 տարով անհատույց տրամադրվում է:
Հարցերից ու պատասխաններից հետո տեղի ունեցավ քվեարկություն.դեմ էին միայն «Երկիր ծիրանի»-ի երեք անդամները:


