Արցախի պաշտպանության բանակը երբեւէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել եւ, այսուհետ եւս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները:
Այս մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում նշել է Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը՝ մենկաբանելով Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, որը հայկական կողմին մեղադրում է հոլիսի 4-ին խաղաղ բնակավայր արկակոծելու եւ քազաքացիական անձանց սպանելու մեջ:
Նրա խոսքով, Արցախի բանակը երբեւէ նախահարձակի դերում հանդես չի եկել, սակայն միշտ պատրաստակամ է պատասխան քայլերով սանձելու հակառակորդի կողմից ձեռնարկված ցանկացած սադրիչ գործողություն:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածված հայտարարությանը, թե իբր հուլիսի 4-ին հայկական բանակը հրետակոծել է Ալխանլու բնակավայրը եւ դարձել քաղաքացիական անձանց մահվան պատճառ, ապա դա ոչ այլ ինչ է, քան սեփական անմեղ քաղաքացիների արյան հաշվին միջազգային հանրությանը ապակողմնորոշելու ցինիկ գործելաոճ:
Արցախի պաշտպանության բանակը երբեւէ չի թիրախավորել խաղաղ բնակավայրերը, ինչպես հատուկ է մեր հակառակորդին, մեր հարվածի թիրախը եղել եւ, այսուհետ եւս, լինելու են միայն ու միայն այն ռազմակայանները, որտեղից թշնամին կրակային հարվածներ է հասցնում հայկական բնագծերին»,-հայտարարել է Մնացականյանը:
Նա արձանագրել է, որ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունն օրինաչափ է դարձրել մերձճակատային խաղաղ բնակավայրերում իր կրակային խոցման միջոցները տեղակայելու եւ այդ կրակակետերից արցախյան դիրքերի ուղղությամբ նախահարձակ գործողություններ իրականացնելու պրակտիկան:
«Ասել է թե՝ թաքնվելով սեփական բնակչության թիկունքում եւ վերջիններիս դարձնելով կենդանի վահան, հակառակորդը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Եթե իրականում հակառակորդը խաղաղ բնակչության շրջանում կորուստներ է ունեցել, ապա ստիպված ենք ափսոսանք հայտնել: Բայց միեւնույն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինչպես առայսօր, այնպես էլ այսուհետ Արցախի զինված ուժերը շարունակելու է լիարժեք օգտվել պաշտպանվելու իր իրավունքից եւ անհրաժեշտության դեպքում հակառակորդի նախահարձակ գործողություններին տալ թիրախային եւ անհամարժեք պատասխան:
Միաժամանակ ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետեւանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից եւ հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից»:


