«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին կրկին տեղափոխել են պատժախուց: Արարատ Խանդոյանը դեպքի հետ կապված նամակ է գրել: Պաշտպանը նամակը տրամադրել է « Ա1+»-ին: Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Նուբարաշեն ՔԿՀ-ի վարչակազմը ինձ նորից տեղափոխել է պատժախուց, որի պայմանները անմարդկային են: Պատժախցի պատուհանի ապակիները կոտրված են, խուցը խոնավ է, եւ ցուրտը սողոսկում է խուց: Քանի որ գտնվում եմ բուժման կուրսում եւ դեռ չեմ ապաքինվել, նման պայմաններում ինձ պահելը անմարդկային վերաբերմունք է եւ կարող է իմ կյանքին եւ առողջությանը վտանգ հանդիսանալ: Սա երկրորդ նմանատիպ դեպքն է, որի պատուհանները կոտրված են: Ինձ չեն տրամադրել սանիտարահիգիենիկ պարագաներ եւ անհրաժեշտ առաջին օգտագործման իրեր:
Արարատ Խանդոյանը մեղադրվում է հուլիսի 20-ին Խորենացի փողոցում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Արարատ Խանդոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ երեկ կայացած դատական նիստում միջնորդել էր որպես վկա դատարան հրավիրել եւ հարցաքննել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
«Հույս ունեմ՝ դատարանը կընդունի միջնորդությունը: Պատրաստ եմ վկայել, որ Արարատ Խանդոյանը հուլիսի 20-ին էական աջակցություն է ցույց տվել իրավիճակը խաղաղեցնելու գործում: Անհասկանալի էր, թե ինչու իրավիճակի խաղաղեցման փորձերս որոշ ոստիկանների դուր չէին գալիս, եւ նրանցից ոմանք սկսեցին քարեր նետել իմ ուղղությամբ:Եթե չեմ սխալվում՝ այդ տեսարանը ֆիքսել են նաեւ մի շարք լրատվամիջոցների տեսախցիկներ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:


