«Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին, ով առողջական խնդիրներ ունի, հունվարի 26-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում ներքին կանոնները խախտելու համար տեղափոխել էին պատժախուց, որտեղ անմարդկային պայմաններ էին, կոտրված էին պատուհանների ապակիները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը՝ հավելելով, որ սա արդեն 2-դ դեպքն է և մինչ օրս թե՛ Արդարադատության նախարարությունից, թե՛ քրեակատարողական վարչությունից որևէ պատասխան չի ստացել:
«Այժմ Արարատ Խանդոյանին իր խուց են տեղափոխել»,-նշեց պաշտպանը:
Անդրադառնալով դատավարությանը՝ պաշտպանը նկատեց.
«Դրանք շատ ծիծաղելի են: 6-րդ վարչության աշխատողը, ով ոչինչ չի հիշում, միայն գիտի, որ Արարատ Խանդոյանը հարվածել է, պաշտպանյալիս դեմ ցուցմունք տալուց հետո պաշտոնի բարձրացում է ունեցել: Իսկ մյուս ոստիկանները, որոնք որպես տուժող են ներգրավված՝ չեն տեսել, թե Խանդոյանը որևէ մեկին հարվածել է, թե՝ ոչ»:
Արա Ղարագյոզյանը հաղորդեց, որ ապօրինի կալանքի վերաբերյալ որոշումներն ուղարկվելու են Եվրոպական դատարան:
Նշենք, որ արդեն 7 ամիս անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանը մեղադրվում է ոստիկանի վահանը քաշելու մեջ։
Անի Կարապետյան


