▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրիլյան պատերազմում ընկերոջ կյանքը փրկելու միտքը ուժ է տվել Անդրանիկին դուրս գալու այրվող տանկից

Armenpress.am-ը ներկայացրել է ապրիլյան պատերազմի մասնակից Անդրանիկ Աթալյանի սխրանքի պատմությունը: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև. 

Նա ծառայել է Հադրութի շրջանի Ֆիզուլի քաղաքի զորամասում ու տանկի նշանառու օպերատորն է եղել։  Հենց լուսադեմին զորամասից դուրս են եկել, շարժվել դեպի Ջրական (Ջաբրայիլ)։ Ինչպես պատմում է, ճանապարհին կրակել են իրենց ուղղությամբ։ Ասում է, թե 30 կմ տարածքում բաց դաշտով դուրս են եկել հակառակորդի կրակի տակ, բայց անփութության և ոչ ճիշտ գործելու պատճառով չեն կարողացել խոցել իրենց։ «Մենք կարողացանք հասնել նշված կետ, դիրքավորվեցինք ու հետո հրաման ստացանք՝ շարժվել առաջ ՝ դեպի հակառակորդը։  Ճանապարհին առաջին տանկը ես էի, որ խոցեցին։ Այդ ժամանակ ես ոչ մի բան չզգացի, անմիջապես պտտվեցի ընկերոջս՝ Զաքարյան Ռազմիկի կողմը, և ինձ թվաց, որ նա պայթել է։ Մի անգամ փորձեցի բացել տանկի դիտանցքը, բայց չկարողացա, որովհետև երկաթից էր ու շատ էր տաքացել արկի պայթյունի հետևանքով։ Մեր տանկն էլ արդեն այրվում էր, ես նույնպես։ Այդ ժամանակ երկու աչքիս տեսողությունն էլ կորցրի, կարելի է ասել, որ աջ աչքս արդեն գրեթե չկար, ձախ կողմս էլ այրվել էր, այդ պատճառով չէի տեսնում»,- ասում էր Անդրանիկը ու չնայած նրա վիրավորված լինելուն, նա այնուամենայնիվ, ևս մեկ անգամ փորձել է դուրս գալ և ինչպես ինքն է պատմում, արևի ճառագայթը ընկել է ձախ աչքի վրա ու հենց դրանից հասկացել է, որ իր մոտ ստացվել է մի փոքր բացել դիտանցքը։ «Այդ հատվածից կրակ էր դուրս գալիս։ Հետո երրորդ անգամ արդեն ձեռքով խփեցի ու ամբողջությամբ բացվեց և կրակի մեծ ճնշումը ինձ դուրս շպրտեց։ Ես կարողացա ինձ պահել, չընկա տանկի վրայից և անմիջապես ընկերոջս մասին մտածեցի, որպեսզի հանեմ նրա դին, որ գոնե չայրվի։ Այդ պահին ինձ թվում էր, թե մահացել է, բայց տեսա, որ շարժում է ձեռքերը ու արդեն ոչինչ չէի մտածում, միայն նրան փրկել ու միտքն էր գլխումս։ Իմ կյանքի և այն փաստի մասին, որ հակառակորդը տեսնում է ու ամեն վայրկյան կարող է նորից խփել, այլևս չէի մտածում։ Կարևորը Ռազմիկի կյանքը փրկելն էր։ Ես նրանցից չվախեցա, որովհետև, եթե վախենում ես, ուրեմն ավելի լավ է ընդհանրապես մարտադաշտ դուրս չգաս»,-նկատում է մեր պատմության հերոսը։

Անդրանիկ Աթալյանը կարողացել է փրկել ընկերոջ կյանքը, նրան դուրս է բերել տանկի միջից և ներքև գցել, որպեսզի ավելի շատ չվնասվի։ Այդ ընթացքում տանկի մեխանիկ վարորդ Ռուդիկ Սարգսյանը փորձել է տանկը դուրս բերել կրակի դաշտից։ Հետո, երբ Անդրանիկին վերջապես հաջողվել է դուրս հանել ընկերոջը, Ռուդիկն էլ ինքն իր ուժերով է դուրս եկել տանկից։ Եվ անգամ այդքան ժամանակ անց, նրանց տանկը նշանառության տակ է եղել և անընդհատ կրակել են իրենց ուղղությամբ։ Այդ ժամանակ տանկի վրա կանգնած, մի պահ թեքվել է նրանց կողմ մի երկու վայրկյան նայել թշնամու ուղղությամբ ու բարձր գոռացել՝ «չեք կարող» ու տանկի վրայից իջել։
«Ռազմիկին քաշելով տարել եմ սարի տակ, գոտին հանել եմ ու քանի որձեռքը վիրավորվել էր և արնահոսում էր՝ կապել եմ, որպեսզիկանգնեցնեմ արյունը։ Նա նաև շատ էր վախեցել, որ ինձ տեսել էր, որովհետև ամենաշատը ես էի վիրավորված մեր անձնակազմից՝ գլուխս, աչքս, դեմքս ամբողջությամբ այրվել էին, ձեռքերս ու ոտքերս էլ։ Անգամայդ վիճակում միայն ասել եմ, որ աչքս չկա, բայց խնդրում էի, որ թողնենես շարունակեմ կռիվը»,- ասում էր անվախ Անդրանիկը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее