Առաջնային գծում իրավիճակը կայուն է՝ առանց զարգացման միտումների:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում այսօր հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Խոսելով Եռատոնի խորհրդի կարևորությունից՝ նախարարը նշել է, որ մայիսի 9-ը համայն հայության հաղթանակների օրն է, և հայկական զինված ուժերի առաքելությունն է պահպանել այդ հաղթանակները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կարձանագրվեն նոր հաղթանակներ:
Նշենք, որ Աաշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԱՀ Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա: Վարչապետն ընդգծել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:


