Blognews.am-ը գրում է.
Կայքն օրերս հյուրընկալել էր դերասան Մկրտիչ Արզումանյանին: Նրա հետ հետաքրքիր, անկեղծ զրույց ենք ունեցել ընտանիքի, երեխաների մասին։ Դերասանն առանձնակի քնքշությամբ է խոսում ընտանիքի մասին. տունն այն անկյունն է, որտեղ նա լիարժեք հանգստություն է գտնում։
-Մկո, վերջին շրջանում անընդհատ խոսվում է Ձեր չփոխվելու ֆենոմենի մասին։ Իսկապես, շոու բիզնես այն եզակի մարդկանցից եք, ով չմեծամտացավ՝ չնայած մեծ հաջողություններին, բայց վստահաբար փոխվել եք. տարիները յուրաքանչյուրին են փոխում։ Ի՞նչ հատկանիշներ եք կորցրել, ի՞նչ եք ձեռք բերել։
-Այո, իհարկե։ Իմ մեջ ստիպված զարգացրի կազմակերպչական ջիղը, նաև՝ ավելի դիմացկուն եմ դարձել, ավելի արագ եմ կողմնորոշվում։ Առաջ կարող էի օրերով մտածել մի խնդրի մասին, հիմա կարող է 5 րոպե մտածեմ ու վերջնական որոշում կայացնեմ։
Կորցրել եմ ամաչկոտությունս։ Ես չափազանց ամաչկոտ էի, ինձ չէի պատկերացնում ոչ բեմում, ոչ էլ առավել ևս ֆիլմերում։ Հիմա էլ նույն հուզմունքով եմ բարձրանում բեմ, ոտքերս անջատվում են մարմնիցս, բայց դա երևի լավ է։
-Էմոցիոնա՞լ եք։
-Ավելի շատ զգացմունքներս ներս գցող եմ։ Պահեր կան, երբ էմոցիոնալ եմ, պահեր կան, երբ ուզում եմ մենակ մնալ ու լիցքաթափվել։ Միայնակ ժամանակ կարող եմ բարձր խոսել, գոռալ, որ միջիցս դուրս գա բացասական էներգիան։
-Հատկապես, երբ գործունեությանդ դաշտն անընդհատ առնչվում է մարդկանց հետ, մենակ մնալու ցանկությունն առաջնային պահանջմունք է դառնում։ Հաճա՞խ եք մենակ մնալու կարիք ունենում։ Սիրո՞ւմ եք մենակությունը։
-Ոչ հաճախ. պահեր կան, երբ պետք է շփվես մարդկանց հետ, որպեսզի ինչ-որ խնդրի լուծում ստանաս, պահեր էլ կան, երբ խնդրի լուծումը քո մեջ է և այն կարող ես գտնել միայն քեզ հետ մենակ մնալով։
Սիրում եմ մենակ մնալ։ Երբ պարապում կամ կարդում եմ, այդպես ավելի եմ կենտրոնանում, ոչինչ չի շեղում ինձ։
-Ընտանիքում է՞լ եք փակ այդ առումով։
-Այո, իհարկե։ Չեմ ցանկանում ուրիշներին վնասել իմ բացասական էմոցիոներով։ Հնարավոր է՝ ես շատ հոգնած լինեմ և չհասկանամ՝ այդ պահին որքան ջղայնացած եմ, սակայն ո՛չ կինս, ո՛չ երեխաներս մեղավոր չեն, որ ես այդպիսի գրաֆիկ ունեմ։ Պահ է գալիս, երբ ես փորձում եմ ինձ միայնակ թողնել, որ վերադառնամ իմ նորմային։
-Կատակն աշխատանք է. քանիցս նշել եք։ Հայտնիների կյանքը ցույց է տալիս, որ կատակերգուների մեծ մասն իրականում տխուր մարդիկ են լինում, քանի որ երբ անընդհատ ծիծաղ ես պարգևում մյուսներին, այդ ֆոնին ավելի սուր ես զգում քո խնդիրները։
-Ես չէի ասեի՝ տխրություն, ավելի շատ լրջություն կա իմ մեջ։ Ես այդ ամենին վերաբերում եմ իբրև իմ աշխատանքի։ Որոշ մարդիկ, ելնելով իրենց խառնվածքից, անընդհատ փորձում են կատակներ անել, չեմ ասում՝ դա վատ է, բայց կարծես ապացուցես, որ դու կատակերգու ես։ Կարծում եմ՝ դա նաև բարդույթների հետ է կապված, թե տեսեք՝ ես հումորի ներկայացուցիչ եմ։ Չէ, ես աշխատանքից հետո հանգստանում եմ։ Այնպես չէ, որ հատուկ փորձում եմ լուրջ երևալ, որ մարդիկ չմտածեն՝ հումորի ասպարեզում եմ, ուրեմն անլուրջ եմ, ուղղակի ես հանգստանում եմ աշխատանքից հետո։ Խնջույքների հաճախ չեմ գնում, բայց երբ գնում եմ, մարդիկ ինձանից ինչ-որ բան են սպասում, բայց ես ուղղակի չգիտեմ այդ պահին ինչ ասել։ Նույնիսկ կենացներն ինձ մոտ լավ չեն ստացվում։ Ես գերասդասում եմ այդ ամենը վայելել՝ կողքից տեսնել, լսել ու, ամենակարևորը, հանգստանալ։
-Ձեր ընտանեկան հանգիստն ինչպե՞ս եք կազամկերպում։
-Երբ մենք միասին ենք, դա արդեն հանգիստ է՝ անկախ նրանից՝ կլինենք տա՞նը, թե՞ կորոշենք ինչ-որ տեղ գալ։ Շատ ենք սիրում Սաղմոսավանքն ու հաճախ ենք լինում այնտեղ։ Սիրում ենք ճանապարհորդել, հաճախ ուղղակի նստում ենք մեքենան ու մի տեղ գնում՝ ճաշելու, սակայն նույնիսկ երբ ուղղակի բոլորս այդ պահին տանն ենք, իրարից բավականություն ենք ստանում, արդեն հանգստանում ենք։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում