Լեզվակռիվ և վիճաբանություն ծավալվեց ԱԺ–ի մոտ 2 հակադիր ակցիաների մասնակիցների միջև Ռուսաստանի դեմ և ի պաշտպանություն ՌԴ–ի ակցիաների մասնակիցները իրար «թուրք» անվանեցին։
Արևմտամետների մի խումբ բողոքի ակցիա էր կազմակերպել ԱԺ շենքի մոտ։ Հակառուսական բովանդակությամբ 1-2 պաստառով, ԵՄ–ի մի քանի դրոշով նրանք գոռգոռում են Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակության վրա, որն այդ պահին հանդիպում էր Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։
Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ակցիայի մասնակիցներին հորդորեց հեռանալ դարպասների մոտից, որտեղ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում, ինչին նրանք սպառնալիքներով պատասխանեցին. «Հեռացե՛ք։ Մի՛ խանգարեք։ Մի՛ ստիպեք մեզ փողոցը խառնել իրար»։
ԱԺ–ի դիմաց զուգահեռ նաև հայ–ռուսական բարեկամության պաշտպանության ակցիա է իրականացվել։
Մարդիկ այստեղ եկել են ՌԴ-ի հետ դարավոր բարեկամությունն արծարծող պաստառներով։ Ակցիայի մասնակիցներից մեկը, խոսելով զուգահեռ ընթացող հակառուսական ակցիայից, ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել «2 կոպեկով հայրենիքը վաճառող սորոսականների քայլերը»։