▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

3-ամյա Տիգրանի անհետացման և մահվան առեղծվածը, և դրա բացահայտման հրամայականը

3-ԱՄՅԱ ՏԻԳՐԱՆԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ ԵՎ ԴՐԱ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ «ԱԳԼԱ ԼՈՅԵՐՍ»փաստաբանական ընկերության հիմնադիր տնօրեն Սուսաննա Սարգսյան

Երբ համակարգը դանդաղում է, երեխաների կյանքը դառնում է զոհաբերվող արժեք

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած երեք տարեկան Տիգրան Ա.-ի ողբերգական մահը շարունակում է ցնցել հանրությանը՝ բացելով մի ամբողջ շարք հարցեր, որոնց պատասխանները դեռևս մնում են օդում։ Երեխան՝ Ծափաթաղ գյուղի բնակիչ, անհայտացել էր հոկտեմբերի 27-ին, իսկ նրա մարմինը հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին՝ Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա։

Քրեական վարույթը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով՝ սպանություն, ինչը նշանակում է, որ նախաքննության մարմինները դիտարկում են մարդու միջամտության վարկածը։ Սակայն դեպքի փաստական և կենսաբանական հանգամանքները այնքան հակասական են, որ պահանջում են ոչ միայն խորքային քննություն, այլև հանրային վերահսկողություն։

Տարածության և ֆիզիոլոգիական անհամապատասխանությունը

Ծափաթաղ գյուղից մինչև Ջիլ գյուղը մոտ 3–4 կիլոմետր լեռնային տարածք է՝ բարդ ռելիեֆով և ցուրտ կլիմայով։ Երեք տարեկան երեխան չի կարող առանց ուղեկցության անցնել նման տարածություն՝ հատկապես հոկտեմբերի վերջին, երբ գիշերային ջերմաստիճանը իջնում է մինչև զրոյից ցածր։

Առանց սննդի և ջրի գոյատևման առավելագույն շեմը երեխայի մոտ 2–3 օրն է, իսկ ցրտի պայմաններում՝ նույնիսկ պակաս։ Այս պարագայում վեց օր շարունակ առանց սննդի, ջրի և ջերմային պաշտպանության կենդանի մնալը կենսաբանական առումով անհնար է։

Եթե մարմինը հայտնաբերվել է Ջիլ գյուղի մուտքի մոտ, ապա անհրաժեշտ է պաշտոնական և գիտականորեն հիմնավորված բացատրություն, թե ինչպես է երեք տարեկան երեխան հաղթահարել այդքան տարածություն՝ առանց ուղեկցության, սննդի, ջրի և հագուստի փոփոխության, հատկապես՝ ցուրտ եղանակային պայմաններում։

Հաշվի առնելով երեխայի հնարավոր ֆիզիկական վիճակը և տեղանքի առանձնահատկությունները՝ նման տարածությունը հաղթահարելը պետք է տևեր առնվազն երկու օր, իսկ դա բացառվում է՝ հաշվի առնելով սառը գիշերները, ֆիզիկական թույլությունը և ուժասպառության անխուսափելիությունը։

Այսինքն՝ մարմնի գտնվելու վայրը և մահվան պայմանները վկայում են, որ երեխան չի կարող ինքնուրույն անցնել այդ տարածությունը, և ամենահավանական է, որ նա տեղափոխվել է մահվանից հետո կամ օտար անձի միջամտությամբ։

Կինոլոգիական որոնումների անհասկանալի արդյունքները

Ըստ պաշտոնական տվյալների՝ որոնումներին ներգրավված են եղել կինոլոգներ։ Այնուամենայնիվ, վեց օր շարունակ ոչ մի հետք չի հայտնաբերվել՝ ոչ երեխայի գտնվելու վայրում, ոչ էլ նրա անհետացման շրջակայքում։

Սա առաջացնում է հիմնավոր հարց․

Եթե երեխան այդ ամբողջ ժամանակ եղել է նույն տարածքում կամ դրա մերձակայքում, ինչպե՞ս է հնարավոր, որ նույնիսկ կինոլոգիական խմբերը ոչ մի հոտային արձագանք չեն արձանագրել։

Շների հոտառությունը արձագանքում է մարդու հոտին մինչև 5–7 օր անց, հետևաբար հոտային արձագանքի բացակայությունը փաստացի նշանակում է, որ մարմինը տվյալ վայրում չի գտնվել որոնումների ընթացքում։ Սա վկայում է հնարավոր հետմահու տեղափոխության մասին։

Մարմնի արտաքին վիճակը

Ըստ մամուլի հաղորդումների՝ երեխայի աչքերը եղել են բաց, ձեռքերը՝ հողոտ, իսկ հողաթափերը՝ նրանից որոշ հեռավորության վրա։

Այս հանգամանքները բնորոշ չեն սովամահության կամ ցրտահարման դեպքերին։

Հողոտ ձեռքերը կարող են վկայել պայքարի, շարժման կամ օգնություն խնդրելու փորձի մասին, իսկ հողաթափերի հեռավորությունը՝ մարմնի տեղաշարժման կամ հետմահու տեղափոխման հնարավորության մասին։

Եթե մահը լիներ միայն ուժասպառության հետևանք, ձեռքի մակերեսները սովորաբար մնում են մաքուր՝ առանց հողի հետ շփման հետքերի։

Սովամահության կամ հիպոթերմիայի հետևանքով մահացածների մոտ սովորաբար նկատվում է մկանային թուլացում և բնական կոպերի փակման արձագանք։ Այսինքն՝ աչքերը լինում են փակ կամ կիսափակ՝ պայմանավորված մկանային տոնուսի նվազումով։

Բաց աչքերը կարող են վկայել․

սուր վախի և շոկի արձագանքի,

արտաքին միջամտության (ուժի կիրառում, տեղաշարժում, բռնություն),

կամ մահվան պահին օրգանիզմի ֆիզիկական լարվածության մասին։

Բնակելի տարածքների գործոնը և հասարակական արձագանքի բացակայությունը

Եթե ենթադրենք, որ երեխան ինքնուրույն է անցել Ծափաթաղից մինչև Ջիլ տանող ճանապարհը բնակավայրերի հատվածով, ապա առաջանում են մի շարք հարցեր․

Արդյո՞ք որևէ բնակիչ չի տեսել երեխային միայնակ շրջելիս։

Արդյո՞ք որևէ մեկի մոտ հետաքրքրություն չի առաջացել՝ ում երեխան է, ինչու է միայնակ։

Եվ արդյո՞ք որևէ տեսադիտարկման սարք չի ֆիքսել նրա ներկայությունը։

Եթե երեխան իսկապես գտնվել է բնակելի հատվածներում և ոչ ոք չի արձագանքել, դա հասարակական անտարբերության և երեխայի պաշտպանության բացակայության վկայություն է։ Սակայն փոքր համայնքներում նման անտարբերությունը գործնականում քիչ հավանական է, ինչը կրկին հուշում է, որ երեխան չի գտնվել այդ վայրում ողջ ժամանակահատվածում, և մարմինը հայտնվել է Ջիլ գյուղի մերձակայքում ավելի ուշ՝ մահից հետո կամ օտար միջամտությամբ։

Դատաբժշկական կանխորոշման և հասարակական հետևանքների վտանգը

Մինչ հանրությունը սպասում էր դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը, Ներքին գործերի նախարարի հայտարարությունը՝ ըստ որի նախնական վարկածով երեխան խեղդամահ է արվել հոր կողմից, առաջացրեց հիմնավոր մտահոգություն։

Նման հայտարարությունը դեռևս նախաքննության փուլում՝ առանց դատաբժշկական եզրակացության, կարող է ստեղծել կողմնակալության նախադրյալներ, որոնք վտանգում են հետաքննության անաչառությունը։

Դատաբժշկական փորձագետը պետք է գործի միայն ըստ ապացույցների, սակայն նախապես հնչեցված վարկածը անխուսափելիորեն ազդում է փորձաքննության ուղղության վրա՝ ձևավորելով ենթագիտակցական կողմնակալություն։

Արդյունքում, այն, ինչ պետք է լինի գիտական գնահատում, վերածվում է նախաքննության վարկածի հաստատման միջոցի։

Բացի այդ՝ այս մոտեցումն ունի նաև հասարակական ու բարոյական հետևանքներ։

Նման վարկածը կարող է դառնալ հեշտ լուծում՝

մեղքը բարդելով այն մարդկանց վրա, ովքեր ամենաքիչը կարող են իրենց պաշտպանել՝

թույլ օղակի ներկայացուցիչների՝ սոցիալապես խոցելի ընտանիքների վրա։

«Թույլ օղակի» վրա մեղքը բարդելու և իրական պատճառները ծածկելու վտանգը

Երբ նախաքննության մարմինները շտապում են հայտարարել “պատրաստի մեղավորի” մասին,

այդ նույն պահին սկսվում է իրական դեպքի հանգամանքների ծածկադմփոցը։

Խեղդամահության վարկածը չի կարող դիտարկվել մեկուսացված՝ առանց

դիահերձման ամբողջական արդյունքների,

հողի և հագուստի միկրոհետքերի համադրական փորձաքննության,

և այլընտրանքային մեխանիզմների բացառման։

Հակառակ դեպքում այս հայտարարությունը կարող է ընկալվել ոչ թե որպես նախնական տվյալ,

այլ որպես կազմակերպված հովանավորչություն,

որը թույլ է տալիս փակել գործը հասարակական ճնշման ներքո՝ առանց ամբողջական ճշմարտության բացահայտման։

Այն վտանգավոր նախադեպ է, որովհետև եթե այսօր մեղքը դրվում է ամենահեշտ թիրախի վրա,

վաղը նույն սխեմայով կարող է ծածկվել մեկ այլ դեպք։

Արդյո՞ք համակարգը սովորում է իր սխալներից

Չէ՞ որ սա արդեն կրկնվող պատկեր է։

Մի քանի ամիս առաջ նույն մարզում կորած և մահացած երկուամյա Տիգրանի գործը նույնպես ավարտվեց անպատասխան հարցերով։

Հիմա՝ երեքամյա Տիգրանի մահը կրկին բացահայտում է նույն համակարգային թերությունները։

Եթե այս գործն էլ փակվի պատրաստի մեղավորով,

ապա հաջորդ ողբերգությունը պարզապես ժամանակի հարց կլինի։

Իսկ ի՞նչ եք ասելու, եթե Աստված մի արասցե հաջորդ անգամ զոհը լինի նորից փոքրիկ երեխա,

նույն սոցիալական միջավայրից, նույն անպաշտպանությունից,

որովհետև մենք այս անգամ ևս բավարարվեցինք հեշտ բացատրությամբ։

Հասարակական վստահության քննություն

Տիգրան Ա.-ի մահը միայն մեկ ընտանիքի ողբերգությունը չէ․ այն հասարակական վստահության քննություն է իրավապահ համակարգի նկատմամբ։

Նման դեպքերը՝ ինչպես ամիսներ առաջ 2-ամյա Տիգրանի անհետացումը, որը նույնպես տևական որոնումների արդյունքում հայտնաբերվեց մահացած՝ գետում, վկայում են վտանգավոր օրինաչափության մասին՝

 երեխաների անվտանգության համակարգային բացակայություն,

 իրավապահ մարմինների անարդյունավետ գործողություններ,

 և հանրային պատասխանատվության ճգնաժամ։

Արդյո՞ք նախորդ դեպքը ստացել է սպառիչ բացատրություն։

Եթե ոչ, ապա արդյո՞ք այժմ կրկնվող՝ 3-ամյա Տիգրանի մահը չի վկայում նույն դանդաղկոտության, կազմակերպչական անգործության և անպատասխանատվության մասին։

Հասարակությունը պետք է պահանջի ոչ միայն արդարություն, այլև պատասխանատվություն․

եթե պետական անգործության հետևանքով կորսվում են երեխաների կյանքեր, ապա պետք է լինեն հրաժարականներ, վերանայումներ և համակարգային բարեփոխումներ։

Եթե այս դեպքն էլ, ինչպես նախորդը, բացահայտվի կրիայի քայլերով, ապա առաջանում է լուրջ և ցավալի վտանգ․

արդյո՞ք հաջորդ անգամ նորից չենք լսելու մեկ այլ Տիգրանի ողբերգության լուրը։

Արդարությունը չի կարող սպասել, երբ խոսքը վերաբերում է երեխայի կյանքին։

Այն պահանջում է անհապաղ և ամբողջական բացահայտում՝ հանուն ճշմարտության, վստահության և յուրաքանչյուր մանկական կյանքի պաշտպանության։

Եվ մի՛ ասեք՝ «թող ծնողները ուշադիր լինեին»

Այդ խոսքը հնչում է ամեն ողբերգության ժամանակ՝ որպես պատրաստի արդարացում բոլոր նրանց համար, ովքեր պարտավոր էին կանխել նման դեպքը։

Սակայն սա չպետք է դառնա սովորական ինքնարդարացման բանաձև։

Երբ փոքրիկ երեխան անհետանում է, դա միայն ընտանիքի վրիպումը չէ․ դա ամբողջ համակարգի ձախողումն է՝

սոցիալական ծառայությունների,

համայնքային պատասխանատվության,

և իրավապահ մարմինների արագ արձագանքման մեխանիզմների։

Երեխայի կյանքը չի կարող կախված լինել միայն ծնողի զգոնությունից։

Պետությունն ու հասարակությունը պարտավոր են ստեղծել միջավայր, որտեղ երեք տարեկան երեխայի անհետացումը անհնար կլինի աննկատ, իսկ որոնումները՝ կազմակերպված և արդյունավետ։

Մի բան հստակ է․

երեխայի մահը երբեք չի կարող վերագրվել միայն ծնողի անուշադրությանը։

Պատասխանատվությունը կիսում է ամբողջ համակարգը՝ իր դանդաղ գործողությամբ, անպատասխանատու կառավարմամբ և հասարակական անտարբերությամբ։

Մեզ մեր երեխաները երկրի վրա են պետք — ոչ թե երկնքում։

Այս դեպքերը պահանջում են արագ լուծումներ և պատասխանատվություն։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее