Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տարեվերջյան ասուլիսն ամփոփվեց «Սառցե սիրտը» հեքիաթ-մյուզիքլի պրեմիերայով, որը հավակնում է դառնալ տարվա ամենաշքեղ մանկական բեմադրությունը:
«Սառցե սիրտը» բեմադրության և վարկածի հեղինակը Լիլի Էլբակյանն է, բեմանկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը, պարուսույցը՝ Տաթև Հոռոփյանը։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Սիլվի Բարկովան, Տաթևիկ Հոռոփյանը, Ալեքսան Թադևոսյանը, Գնել Ուլիխանյանը, Մեսրոպ Աբտոյանը, Հովհաննես Գասպարյանը։
«Մայր թատրոնն այսօր ներկայացրեց տարվա իր չորրորդ պրեմիերան՝ «Սառցե սիրտը»: Առաջինը «Արծվաբույն»ն էր՝ նվիրված արցախյան ազատամարտին, որին հաջորդեց «Վերադառնում եմ՝ մոռացեք»-ն ու Քիշինևում մասնակցեց միջազգային փառատոնի, երրորդը «Մեծապատիվ մուրացկաններ»-ն էր: Եղանք Արցախում, Շիրակում, Լոռիում: Իսկ այս ներկայցաման համար ոչինչ չի խնայվել: Այն մատչելի է ու հասանելի բոլորին: Ամանորյա տոներին տոմսերի արժեքը կլինի 1000 դրամ, հետո գուցե փոփոխություններ լինեն,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ նշեց, որ նման բարդ ներկայացումների համար 21-րդ դարի տեխնիկային տիրապետող մասնագետներ են անհրաժեշտ.
«Մենք կարիք ունենք նման մասնագետների, խնդիրը պետք է լուծել: Ինչ վերաբերում է հեքիաթ-մյուզիքլին՝ կարծում եմ, որ ստացվել է»,-նկատեց Արմեն Էլբակյանը:
Անի Կարապետյան


