Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում տեղակայված կրակակետերից։ Արցախի պաշտպանության բանակը ստիպված է եղել պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ճնշելու ադրբեջանական բանակի կրակային ակտիվությունը, որից հետո Ադրբեջանը հայտնեց իբր թե հայկական կողմի կրակի հետևանքով սպանված մանկահասակ երեխայի ու կնոջ մասին:
«Ադրբեջանի իշխանությունները 2014 թվականի օգոստոսից սկսած հետևողականորեն իրականացնում են մի քաղաքականություն, որի հիմքում սահմանային լարվածության միջոցով որոշակի խնդիրներ լուծելը, իրենց համար բացասական երևույթները կոծկելն է: 2 օր առաջ կրկին ականատես եղանք այս մարտավարությանը: Կարծում եմ՝ այս անգամ պատճառը Բուլղարիայի ամենամեծ տպաքանակով օրաթերթը համարվող «Տրուդ» պարբերականի կայքում հուլիսի 2-ին հրապարակված սկանդալային հետաքննությունն է, որը խոսուն փաստերի և գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա բացահայտում է ադրբեջանական պետական օղակների ուղղակի ներգրավվածությունը աշխարհի տարբեր ծայրերում գործող իսլամական ահաբեկչական խմբերի զինման գործում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ինչ վերաբերում է խաղաղ բանկչությանը օգտագործելուն՝ քաղաքագետը նկատեց.
«Մեր կողմից էլ է մանկահասակ երեխա զոհվել 2016 թվականի ապրիլին(2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է): Դիակը չի նկարահանվել ու քաղաքական շահարկումների առաջկա չենք դարձրել: Սա կարծում եմ, որ ճիշտ էր, մեր արժեհամակարգերը տարբեր են, հետևաբար մենք իրենց երբեք չենք հասկանա, իրենք՝ մեզ: Նրանք կացնով մարդ սպանողին հերոսացնում են, հայկական կողմը նման բան երբեք թույլ չի տա: Հիշենք նաև Թալիշում անմարդկայնորեն սպանված ծերունիներին: Իսկ այսօր Ադրբեջանը վայնասուն է բարձրացրել, հրապարակվում է երեխայի դին: Ուղղակի պետք է իրականությունն իմանալ, որն է՝ 2 տարեկան փոքրիկին սպանել են Ալիևն ու իր Պաշտպանության նախարար Հասանովը: Նրանք խաղաղ բնակչությանն իրենց համար կենդանի վահան են դարձրել: Սա հրեշավոր իրողություն է»:


