▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

12 ժամ շարունակ դիմադրեցին թշնամուն ու հաղթեցին․Այսօր Քարինտակի ինքնապաշտպանության օրն է

Հունվարի 26-ը Քարինտակի ինքնապաշտպանության օրն է։ 1992 թվականի այս օրը՝  գիշերը, ադրբեջանցիները՝ թվով 250-300 հոգի,  Ներքին Զարսլուի կողմից շրջապատում են ողջ գյուղը։ Բացի այդ, Շուշիի ժայռի երկայնքով գնդացիրներ են տեղադրում ու այնտեղից կրակի տակ պահում ամբողջ տարածքը։

Ըստ Արկադի Տեր-Թադևոսյանի հուշերի՝ Քարինտակը, որտեղով անցնում էր Շուշիից Ստեփանակերտ ճանապարհը, կարևոր դեր ուներ Ստեփանակերտի պաշտպանության գործում։ Այն մատույցները, որտեղով տանկերի անցնելու վտանգ կար, ականապատվել էին, իսկ գյուղում խրամատներ էին փորվել։

Գյուղի պաշտպանների հմուտ գործողությունների շնորհիվ թշնամին ջախջախվում է՝ ռազմի դաշտում թողնելով 92 զոհ:

Ինքնապաշտպանության մեկ այլ մասնակից՝ Արսեն Ավանեսյանը, պատմում է, որ մինչև մարտը գյուղն ամբողջությամբ շրջապատված է եղել, և կար գյուղը ոչնչացնելու հստակ որոշում։ Ադրբեջանցիները մոտ 300 հոգի են եղել, հիմնականում՝ Բաքվից, իսկ տեղանքին քաջածանոթ գյուղի պաշտպանները՝ 80-ը։  Այսինքն, նրանք Շուշիից ուղեկցողներ են ունեցել, որոնք իմացել են՝ որտեղից մտնել, ինչ անել:

Չնայած որ հակառակորդը մարդաքանակով և զենքի քանակով գերազանցել է մի քանի անգամ, ադրբեջանցիները պարտությունից հետո հերոսական Քարին տակը կոչել են «Արյունոտ ձոր»: Այժմ պահեստազորի գնդապետ, իսկ 92-ի հունվարի 26-ին Խաչին սեռ պահակակետի պաշտպաններից մեկի՝ Շահեն Այդինյանի խոսքերով, դպրոցական հեռադիտակով իրենք մի օր նկատեցին, որ մի խումբ ադրբեջանցիներ հավաքվել էին ժայռի վրա և ձեռքերով ինչ-որ բաներ էին ցույց տալիս, բացատրում։ «Հետագայում, վերլուծելով կատարվածը, եկել եմ այն եզրակացության, որ հարձակման պլանը ռազմական տեսակետից դասական տարբերակով նրանք մշակել էին շատ ճիշտ: Հակառակորդը զգալիորեն գերազանցում էր մեզ թվաքանակով, զինամթերքի առումով` նույնպես, յուրաքանչյուր ադրբեջանցի իր ուսին կրում էր զինվորական ուսապարկ, փամփուշտ, նորագույն զենք, որի մասին մենք միայն երազել կարող էինք»: Մարտի ժամանակ առաջին դիրքի՝ Խաչին սեռի շրջակայքում, ադրբեջանցիները թողնելով 30-ից ավելի զոհ, հետ են քաշվում։ Տեսնելով, որ առաջին դիրքում պարտություն են կրում, նրանք գրոհն ուժեղացնում են  երկրորդ և երրորդ դիրքերի ուղղությամբ։

 Հակառակորդը կանխատեսել էր, որ հարևան գյուղերից կարող են օգնության գալ, և նախօրոք զինված խմբեր էր ուղարկել այդ ուղղություններով։ Սակայն,  հարևան գյուղերի ջոկատներին հաջողվում է ճեղքել հակառակորդի շղթան և մոտենալ գյուղին, իսկ այդ հատվածն աստիճանաբար անցնում է գյուղացիների հսկողության ներքո։

Արևելյան հատվածով քարինտակցիներին օգնության են հասնում Շոշի, Սղնախի, Ավետարանոցի, Քռասնու, Սզնեքի, Կարմիր գյուղի և Աշոտ Բեկորի ջոկատները։ Այդ պահից սկսած, ադրբեջանցիները սկսում են  նահանջել, և երեկոյան ժամը վեցի սահմաններում ճակատամարտն ավարտվում է։ Ինքնապաշտպանության մասնակիցներից մեկը՝ այն ժամանակ 16-ամյա Երվանդ Աբրահամյանը, հիշում է՝ ճակատամարտի ընթացքում ադրբեջանցիներին միայն հաջողվում է ժամանակավոր գրավել «Գարաժ» կոչվող դիրքը։ Նրանք կրակ են վառել, կտրել իրենց ձեռքն ընկած գյուղի պաշտպաններից մեկի ականջը, հանել սիրտն ու պարել․․․

Հունվարի 26-ին զոհվել է 22 մարդ, վիրավորվեցլ 17-ը, գյուղի ընդհանուր կորուստները 1988-1994 թթ.՝ 45 մարդ։

Նշենք, որ Քարինտակի ինքնապաշտպանական ջոկատի (հրամանատար՝ Վ. Առուշանյան) 60-70 ազատամարտիկներ 12 ժամ շարունակ դիմադրել են հակառակորդի գերակշռող ուժերին: Հակառակորդին հաջողվել է մտնել գյուղի ծայրամաս և հրդեհել հինգ տուն: Օգնության հասած 1-ին վաշտի (հրամանատար՝ Ա. Ղուլյան), Շոշի (հրամանատար՝ Ս. Հայրյան) և մոտակա բնակավայրերի ինքնապաշտպանական ջոկատների ուժերով հակառակորդը հետ է մղվել՝ թողնելով շուրջ հարյուր սպանված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее