Ազգային պատկերասրահի շենքի հետնամասում՝ Արամի 30 հասցեում գտվող շենքի քանդման դեմ բողոքներին զուգահեռ ահազանգեր հնչեցին, թե քանդման վտանգի տակ է նաև Ազգային պատկերասրահը:
Մարդու աչքը տեսածից է վախենում... Մտածեցի ես, բայց երբ քաղաքաշինության նախարարությունը պարզաբանող ու հերքող հաղորդագրություն տարածեց, սկսեցի կասկածել, որ Նարեկ Սարգսյանը ի զուր տեղը չէր արդարանա ու փորձեր «մեղքն իր վրայից գցեր»,...ուրեմն էստեղ մի բան այն չէ:
Հիշեցնենք, որ ըստ քաղաքաշինության նախարարության` «...ինչ վերաբերում է ազգային պատկերասրահի քանդման վերաբերյալ պարբերաբար հնչող «ահազանգերին», բազմիցս ասվել է՝ նման հարց օրակարգում չկա և չի եղել: Դա այդ թեման բարձրացնողների հիվանդ երևակայության արդյունքն է»:
Ժողովուրդն ասում է` ծուխն առանց կրակ չի լինում, իսկ բամբասանքն էլ սուտ չի լինում, սխալ է լինում...
Էս հարցում հերթական անգամ համոզվեցի, երբ Ազգային թանգարանի տնօրեն Արման Ծատուրյանն, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Ազգային պատկերասրահի շենքային պայմաններին և դրանց անբավարարությանը, ահա թե ինչ հայտարարեց.
«Սա վաղուց ծանրացած հարց է, որ բոլորին է անհանգստացնում: Դեռ հստակ որևէ բան ասել չեմ կարող, բայց ամենաբարձր ղեկավար մարմիններում քննարկվում է այս հարցը: Մենք շատ կցանկանայինք՝ գոնե այս տարի սկսեինք լրջորեն զբաղվել այս խնդրով, որովհետև հստակ է, որ ազգային պատկերասրահի շենքը չի համապատասխանում ժամանակակից թանգարանային նորմատիվներին և մարտահրավերներին: Վստահեցնում եմ՝ այս ուղղությամբ արդեն լուրջ աշխատանքներ են կատարվում, և հուսով եմ, որ գոնե այս տարի պաշտոնապես կհայտարարվի Հայաստանի Ազգային պատկերասրահին նոր շենքի տրամադրման մասին»/ մեջբերումը` 168.am-ից/:
Հիմա ինձ ասեք, թե ինչ նկատի ունի Արման Ծատուրյանը...
Ես իհարկե երևակայությունից լավ եմ ու պատկերացնում եմ, որ եթե ԱԳՆ-ի շենքը հնարավոր է հյուրանոցի վերածել, հնարավոր է նաև Ազգային Պատկերասրահի շենքը նույն կամ նման այլ նպատակի ծառայեցնել:
Հուրախություն ինձ, երևակայությունս հիվանդ չէ, որ մտածեմ Ազգային պատկերասրահը քանդելու են...
Բայց Արման Ծատուրյանը իր այսօրվա խոսքով, կարծես թե, դիտմամբ կամ պատահմամբ «քանդեց» գաղտնի մի նախագիծ ու քանի դեռ չի հստակեցրել` խոսքը պատկերասրահին նոր մասնաշենք հատկացնելու՞, թե՞ նոր շենք տալու, նոր շենք տեղափոխվելու մասին է խոսքը, իրավունք ունեմ մտածելու, որ հերթական անգամ ճիշտ են լինելու իմ ընկերները` զարմանում եմ, որ դեռ զարմանում ես....
Հեղինակ`
Մարգո Բաղինյան