▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը կոչ է անում հարգալից վերաբերմունք ցուցաբերել Եկեղեցու և Վեհափառի նկատմամբ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը անընդունելի է համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իրականացվող դատական գործընթացը։

Արամ Ա կաթողիկոսի հայտարարությունում նշված է․

«Մեր հոգեւոր եղբօր՝  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Վեհափառին դատարան կանչուիլւ կը նկատենք անընդունելի եւ դատապարսելի․  

Երկու Վեհափառներս մնայուն կապի մէջ ենք իրարու հետ եւ կը խորհրդակցինք մեր Հայրենիքն ու ազգը յուզող խնդիրներու շուրջ։ Մեր խոր ընդվզումը յայտնեցինք Գարեգին Վեհափառին եւ նոյնիսկ առաջարկեցինք դատարան չներկայանալ եւ իր ներկայացուցիչը ուղարկել։

Կոչ կ՚ուղղենք պետական պատասխանատուներուն, ինչպէս յաճախ կատարած ենք, յարգալից վերաբերմունք ցուցաբերելու մեր եկեղեցւոյ ու Վեհափառին անձին նկատմամբ եւ հարցերը քննելու փոխադարձ հասկացողութեան ու պատշաճութեան սահմաններէն ներս՝ յարգելով պետութեան օրէնքները եւ եկեղեցւոյ ներքին կարգն ու կանոնը»։

Կարդացեք նաև՝ 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հայտարարություն է տարածել․

«Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) խորապես մտահոգված է Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության նկատմամբ իրականացվող հետապնդումներից։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև վեց եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որի հիմքում թեմի ղեկավարմանն առնչվող ներեկեղեցական խնդիր է, լուրջ մտահոգություններ է առաջացնում դավանանքի ազատության և օրենքի գերակայության շուրջ։

ՀԲԸՄ-ն ամենայն հարգանքով կոչ է անում կասեցնել սույն քրեական վարույթը, որը, մեր համոզմամբ, չունի իրավական հիմք և հակասում է մեր պատմական ավանդույթներին։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անհրաժեշտության դեպքում ՀԲԸՄ-ն պատրաստ է կառուցողական դեր ստանձնել այս իրավիճակի հանգուցալուծման գործում:

ՀՀ Սահմանադրությունն ու ազգային օրենսդրությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում են որպես Ազգային Եկեղեցի, ընդունում նրա ինքնակառավարման իրավունքը և պաշտպանում կրոնական ազատությունը։

Ըստ այդմ, եկեղեցական պաշտոնի համար եպիսկոպոսների համապատասխանությանն առնչվող հարցերը ենթակա են կարգավորման բացառապես Կանոնական իրավունքի և Եկեղեցու կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակներում։

ՀԲԸՄ-ն հարգում է Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը, նրա քաղաքական իշխանությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները։

Միևնույն ժամանակ, ՀԲԸՄ-ի հարգանքն անսասան է մնում Հայ Եկեղեցու և Կանոնական իրավունքի ու եկեղեցական կարգի համաձայն ընտրված նրա ղեկավարության հանդեպ, և ՀԲԸՄ-ն ողջ աշխարհում հայապահպանության գործում Եկեղեցու մնայուն դերը համարում է կենսական»։ 

***

Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի, Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի, Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի հայտարարությունը․   

«Մենք` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ եպիսկոպոսներս, խոր մտահոգությամբ տեղեկացանք, որ 2026 թվականի օգոստոսի 7-ին նախատեսված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթի դատական քննությունը։

Այս դատավարությունը, մեր համոզմամբ, ոչ միայն ցավ և մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետևորդների շրջանում, այլև լուրջ հարցադրումներ կարող է առաջացնել բոլոր նրանց շրջանում, ովքեր կարևորում են կրոնական ազատությունը, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները։

Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է և շարունակում է մնալ հայ ժողովրդի հոգևոր ու ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից մեկը։ Մեր Եկեղեցին, ի գլուխ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իր առաքելությունն իրականացրել և իրականացնում է ժողովրդի ու պետության բարօրությանը ծառայելու բարձր գիտակցությամբ։ Այդ իսկ պատճառով Եկեղեցու բարձրագույն հոգևոր իշխանության նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց պետք է լինի առավելագույնս զգուշավոր, բացառիկ հիմնավորված և լիովին համապատասխանի ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այնպես էլ միջազգային իրավունքի չափանիշներին։

Մինչդեռ ներկա իրավիճակը լուրջ հարցադրումներ է առաջացնում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խղճի և կրոնի ազատության, պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներքին ինքնավարության և նրա առաջնորդի իրավասություններին առնչվող հիմնարար սկզբունքների պահպանման առնչությամբ։ Այս իրավիճակը խաթարում է մեր Եկեղեցու բնականոն գործունեությունը։

Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին պետություն-եկեղեցի հարաբերություններում ձևավորվել են լարվածություն, փոխադարձ անվստահություն և առաջացել բազմաթիվ այլ խնդիրներ։ Մենք համոզված ենք, որ նման բարդ ու զգայուն հարցերը չեն կարող ստանալ իրենց արդար ու կայուն լուծումը իրավական ճնշումների, քրեական հետապնդումների, սուր առճակատման կամ Եկեղեցու ներքին կյանքին միջամտության միջոցով։ Նման գործընթացները վտանգում են հասարակության ներքին համերաշխությունը, խորացնում պառակտումը և կարող են վնասել պետության ժողովրդավարական հեղինակությանը, ինչպես նաև Հայաստանի միջազգային վարկանիշին՝ որպես մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունները հարգող պետության։

Մենք վստահ ենք, որ իշխանության և եկեղեցու միջև առկա բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն սահմանադրական սկզբունքների պահպանման և օրենքի գերակայության, փոխադարձ հարգանքի, ինչպես նաև առողջ ու կառուցողական երկխոսության ճանապարհով։

Հետևաբար կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով՝ ձեռնպահ մնալով այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել հասարակական բաժանումները կամ վտանգել երկրի հոգևոր ու հասարակական կայունությունը։

Միաժամանակ դիմում ենք մեր քույր եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կառույցներին՝ ուշադրությամբ հետևելու ընթացող զարգացումներին և իրենց աղոթքով ու բարոյական աջակցությամբ նպաստելու առողջ երկխոսության ու փոխըմբռնման ձևավորմանը։

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված իմաստություն ու խոհեմություն պարգևի բոլոր պատասխանատուներին, որպեսզի ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարվի բարվոք ճանապարհով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ներկայի ու ապագայի։

6 օգոստոսի 2026

Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան (Դամասկոս, Սիրիա)

Սերովբե եպիսկոպոս Իսախանյան (Քյոլն, Գերմանիա)

Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյան (Բաղդադ, Իրաք)»։

***

«Միասնության թևեր» կուսակցության հայտարարությունը․

«Վաղը՝ 2026 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրի թիվ 1 դատական դահլիճում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի վեց անդամների նկատմամբ հարուցված քրեական գործով առաջին դատալսման նիստը։

«Միասնության թևեր» կուսակցությունն արձանագրում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեական դատավարության մեկնարկը իշխանություն–Եկեղեցի հարաբերությունները տեղափոխում է վտանգավոր և անթույլատրելի սահմանագիծ։

Գործի ձևական առարկան դատական ակտի կատարմանը ենթադրյալ խոչընդոտելն է։ Սակայն դրա բովանդակային առարկան շատ ավելի լայն է՝ աշխարհիկ դատարանի իրավազորության և Հայ Առաքելական Եկեղեցու կանոնական ինքնավարության սահմանը։

Քաղաքական իշխանությունն իրավունք չունի քրեական հետապնդման միջոցով միջամտելու Եկեղեցու ներքին կանոնական կյանքին, որոշելու հոգևորականների կարգավիճակը կամ իր քաղաքական նպատակներին համապատասխան վերաձևավորելու Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը։

Առավել մտահոգիչ է, որ այս քրեական վարույթին նախորդել են երկրի վարչապետի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հեռացնելու վերաբերյալ բազմակի հրապարակային հայտարարությունները, իսկ այդ նպատակը փաստացի դարձել էր նաև իշխող քաղաքական ուժի քաղաքական օրակարգի և նախընտրական խոսույթի բաղադրիչը։ Այս պայմաններում դատավարությունը չի կարող ընկալվել որպես քաղաքական համատեքստից լիովին զերծ սովորական քրեական գործընթաց։

Հայ Առաքելական Եկեղեցին հայ ժողովրդի հոգևոր, պատմական և ազգային ինքնության հիմնասյուներից է։ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի նկատմամբ քաղաքական ճնշումը հարված է ոչ միայն մեր հոգևոր հաստատությանը, այլև ազգային համերաշխությանը, պետականության հիմքերին և սահմանադրական հավասարակշռությանը։

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտնում է իր անվերապահ զորակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Մենք պահանջում ենք դադարեցնել Եկեղեցու նկատմամբ քաղաքական ճնշումն ու քրեական հետապնդման գործիքավորումը, բացառել գործադիր իշխանության ցանկացած ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը դատավարության վրա, հարգել Հայ Առաքելական Եկեղեցու սահմանադրորեն պաշտպանված ինքնավարությունը, ինչպես նաև վերացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մյուս հոգևորականների բնականոն հոգևոր ու հովվապետական գործունեությանը խոչընդոտող սահմանափակումները։

Պետությունը պարտավոր է ապահովել իրավունքի գերակայությունը, սակայն չի կարող օրենքը վերածել Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու գործիքի։ Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելը սահմանադրական սկզբունք է, որը պարտադրում է պետական իշխանությանը հարգել նրա ներքին, կանոնական և ինստիտուցիոնալ ինքնավարությունը։

Քաղաքական իշխանության նման միջամտությունը ոտնահարում է ոչ միայն հոգևորականների, այլև քաղաքացիների և կրոնական համայնքների՝ խղճի, կրոնի ու դավանանքի ազատության հիմնարար իրավունքը։

«Միասնության թևեր» կուսակցությունը հետևողականորեն պաշտպանելու է Հայ Առաքելական Եկեղեցու սահմանադրական կարգավիճակն ու ինքնավարությունը»։

***

Միջազգային իրավաբան, իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու բարձրաստիճան հոգևորականների դեմ Հայաստանի գործող իշխանության սանձազերծած արշավն ու հակաիրավական գործողությունները․

«Օգոստոսի 7-ը հայոց պատմությունը փաստագրող պատմաբանների համար կարող է ձևակերպվել որպես վտանգավոր շրջադարձի օր։

Որպես միջազգային իրավաբան, որն անկեղծ հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդի դարավոր ժառանգությանը, չեմ կարող լռությամբ հետևել տեղի ունեցողին. Ամենայն Հայոց Կաթողիկոսը կանգնում է դատարանի առջև․․․

Սա շարքային դատական նիստ չէ, պարզապես հարված է սահմանադրական կարգին և միջազգային իրավունքի հիմնասյուներին։ ՀՀ Սահմանադրությունը և միջազգային պայմանագրերը հստակ ամրագրում են Եկեղեցու անջատ լինելը պետությունից՝ երաշխավորելով կրոնական ինստիտուտների բացարձակ ինքնավարությունը: Երբ պետական դատական ապարատը վերածվում է հոգևոր առաջնորդի դեմ քաղաքական ճնշման և հետապնդման գործիքի, արդարադատությունն ուղղակի դադարում է գոյություն ունենալ։

Պետության նմանօրինակ կոպիտ միջամտությունը կրոնական կյանքին ոչ միայն արհամարհում է արդար դատաքննության և կրոնական ազատությունների միջազգային չափանիշները, այլև կործանարար նախադեպ է ստեղծում օրենքի գերակայության համար:

Տեղի ունեցողն արդեն իրավական հարթությունից դուրս բարոյական աղետ է։ Հայոց Կաթողիկոսությունը դարեր ի վեր եղել է պետականությունը կորցրած ժողովրդի ողնաշարը, ինքնության ու գոյատևման վահանը։ Այսօր այդ նվիրական ինստիտուտը դատարանի աթոռին նստեցնելը դավաճանական հարված է սեփական պատմական հիշողությանն ու ազգային արժանապատվությանը։

Արդարադատությունը չի՛ կարող ծառայեցվել քաղաքական վրեժխնդրությանն ու նպատակահարմարությանը։ Միջազգային հանրությունն ու իրավապաշտպան աշխարհը աչք չեն փակելու սրա վրա։ Այն իշխանությունը, որը փորձում է դատել սեփական պատմությունն ու հոգևոր արմատները, ի վերջո ինքն է կանգնելու պատմության անողոք դատաստանի առջև»։

 

info@asekose.am/095519696
Բլոգ more