▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաղատուն կառուցելու դեպքում համալիրը կվերածվի հայկական Լաս Վեգասի. Ռիմա Դեմիրճյան. panorama.am

Panorama.am-ը գրում է. «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ի տարածքում խաղատան կառուցման դեպքում այն կվերածվի յուրատեսակ հայկական Լաս Վեգասի՝ էլ ի՞նչ համալիր, ի՞նչ մշակութային, սպորտային միջոցառումներ, ամեն ինչ կմոռացվի: Զրույցում նման կարծիք հայտնեց Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը: 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վաճառքի ձևով օտարվել է ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ ՍՊԸ–ին: Ըստ ծրագրի, նախատեսվում է վերանորոգել համալիրի շենքը, իրականացնել կառուցապատում և ստեղծել ընտանեկան ուղղվածության համալիր կենտրոն, որը ներառելու է հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ և խաղատուն:

Ռ. Դեմիճյանն ասաց, որ ինքը մշտապես կողմնակից է եղել համալիրն ընդհանրապես չվաճառելուն` մնա պետության հսկողության, տնօրինության տակ. «Շատ ունիկալ կառույց է: Միշտ էլ ասել եմ՝ ծախելն անհեթեթություն է, սեփականատերը միշտ կաշխատի ցանկացած գնով շահույթ ստանալ»: 

Նա հիշեցրեց, որ համալիրը նախատեսված էր ամբողջ խորհրդային միության, միջազգային միջոցառումների համար. «Իրավիճակը փոխվեց: Պահելը դժվար է, բայց անհնար չի: Պետք էր հեղինակավոր, պատասխանատու մարդկանցից կազմված խորհուրդ ստեղծվեր, որը լիներ հսկողության տակ, ոչ թե վաճառվեր: Խորհրդին կից ստեղծվեր ֆոնդ: Աշխարհով մեկ սփռված ինչքան հայեր կան, 100 հոգի մեծահարուստ չի՞ լինի որպեսզի ոչ թե մեկը հարյուր հազար ներդնի, այլ ամեն մեկը 10-15 հազար ներդնեն, հավաքեն ու ոտքի կանգնեցնեն: Համոզված եմ՝ եթե ոտքի կանգնեցնեն, հետագայում շահույթ կտա այդ կառույցը, հնարավորությունները շատ են»:

Տիկին Ռիմայի կարծիքով, պետք էր ամեն ինչ ճիշտ կազմակերպել, իսկ այժմ ինչ է կատարվում, ոչ ոք չի իմանում. պարզ չէ թե ինչ ընկերություն է, ինչ ծրագիր է. «Եթե, իրոք, պետք է կազինո կառուցեն, կազինոյով պահեն համալիրը, անհեթեթություն է: Կազինոյով հին սեփականատերն էլ կպահեր: Կտրականապես դեմ եմ կազինոյին: Ինչ վերաբերում է մնացածին, պետք է մանրամասն ծանոթանալ ծրագրին: Գուցե խելքը գլխին բաներ կան: Պետք է ամեն ինչ պարզ ու հստակ լինի, ծրագիրը տպագրեն: 
Ուզում եմ ըմռնումով մոտենալ, որ պահելու հարց կա: Դժվար է, բայց համալիրի հնարավորությունները շատ են, կարող են տարածքները օգտագործել, բայց ոչ կազիոնայի համար: Կազինոն քաղաքի շրջակայքից հանեցին, տարան հեռու: Ինչ է՝ հիմա ամենահարմար տեղը գտան համալի՞րը կամ շրջակա՞յքը: Սա անհնար բան է: Այն կվերածվի ինչ-որ յուրատեսակ հայկական Լաս Վեգասի»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more