Վատիկանը ցավակցություն է հղել Փարիզի ահաբեկչությունների կապակցությամբ: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով Սուրբ աթոռի պաշտոնական հաղորդագրությանը. որում մասնավորապես ասված է.
«Դա հարձակում է ամբողջ մարդկության խաղաղության վրա, որը պահանջում է վճռական, արդյունավետ պատասխան մեզանից բոլորից»,- ասվում է փաստաթղթում:
Վատիկանն ընդգծում է, որ ցնցված է տեղի ունեցածից և Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցածն անվանում է «ատելության և խելահեղ ահաբեկչական բռնության նոր դրսևորում»։
Հաղորդագրության մեջ նշվաշ է, որ Սուրբ աթոռը դատապարտում է Փարիզի ահաբեկչություններն ամենախիստ ձևով:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 158 մարդ: Ֆրանսիայում ամբողջ երկրի տարածքում ուժի մեջ է մտել արտակարգ դրության ռեժիմը: Երկիրը փակել է սահմանները և զորքեր է դուրս բերել փողոցներ: Հավելենք, որ «Իսլամական պետությունը» ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը: