Եկեղեցու գործով ձերբակալված երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան, հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Նրան քննչականից արդեն տարել են դատարան։
***
Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն ազատ է արձակվել, սակայն նրան մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց կիրառվել է չբացակայելու արգելքը։
Դավիթը դեռևս հարցաքննվում է։
***
Հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը ևս ազատ արձակվեց և դուրս եկավ քննչական վարչությունից. նրա նկատմամբ խափանման միջոցը 5 մլն դրամ գրավն է։
Դիտեք նաև՝
«Նիկոլ Փաշինյանը սենսացիոն և անընդունելի պահվածքով ընդամենը փորձում է մնալ տեղեկատվական մենսթրիմում, որովհետև հստակ հասկանում է, որ արդեն քաղաքականապես առաջարկելու բան չունի, անցել է բացահայտ սպառնալիքի և շանտաժի, պատերազմով է նույնիսկ սպառնում»,- Երևանի քննչականի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Նարեկ Պարոնյանը՝ անդրադառնալով դպրոցական եղբայրների ձերբակալմանը։ «Փաշինյանն արդեն մեծ հաշվով գնում է վա-բանկ, որովհետև ինքը հասկանում է, որ եթե հունիսի 7-ին նա չկարողանա վերընտրվել՝ պատասխան է տալու իր բոլոր արարքների համար և կանգնելու է արդարադատության առաջ։ Դրա համար ցանկացած մեթոդների դիմելու է, կապ չունի 18 տարեկաններ են, անչափահաս երեխաներ են, արցախցի մեր հայրենակցուհին է»,- նշեց Պարոնյանը և հավելեց․ «Սա մի կողմից մեր հասարակության համար պետք է ազդակ և ցուցիչ լինի, թե այս մարդիկ ինչերի են ընդունակ, այս մարդիկ անելու են ամեն ինչ՝ բոլոր անմեղ, մեղավոր, կապ ունեցող, չունեցող մարդկանց լցնելու են բանտերը՝ իրենց սեփական վերարտադրությունն ապահովելու համար»:
***
«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. «Վարչախմբի կամակատարը դարձած իրավապահ համակարգը մտացածին հոդվածներով մեղադրանքներ է առաջադրել 18-ամյա երկու դպրոցական եղբայրների` Դավիթ և Միքայել Մինասյաններին, ինչպես նաև` արցախյան ազատամարտի մասնակից Գևորգ Գևորգյանին:
• Ակնհայտ է, որ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցածը վարչախմբի պարագլխի կողմից կանխամտածված սադրանք էր` ուղղված հավատացյալների կրոնական զգացմունքների ոտնահարմանը:
Ակնհայտ է նաև, որ սադրանքի ձախողումից հետո վարչախմբի պարագլուխը, հերթական անգամ շրջանցելով օրենքը, հրահանգել է պատժել իր իսկ հրահրած միջադեպի մասնակիցներին:
«ՀայաՔվեն» հաստատակամ է` պաշտպանելու իրավական կամայականության թիրախում հայտնված մեր բոլոր հայրենակիցների իրավունքները, ամբողջապես զորակցում է Գևորգ Գևորգյանին ու Մինասյան եղբայրներին, և հետևողական է լինելու` այս աղաղակող իրավազանցության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում»:
***
Կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքով ձերբակալված երկվորյակ եղբայրներ, դպրոցական Դավիթ և Միքայել Մինասյանների հարազատները, դասընկերները և աջակիցները նամակ են հղել ՀՀ պետական մարմիններին։
«Դավիթ և Միքայել Մինասյանները խելացի, կիրթ, գրագետ, զարգացած, հայրենասեր պատանիներ են՝ պարկեշտ և զուսպ ընտանիքի զավակներ: Նրանք միշտ աչքի են ընկել գերազանց առաջադիմությամբ, եղել են դպրոցի պարծանքը, ինչի մասին վկայում են տասյակ գովասանագրերն ու պատվոգրերը։ Ուսումնառության տարիներին նրանք երբևէ որևէ խուլիգանական արարք թույլ չեն տվել, եղել են խաղաղասեր պատանիներ։ Դավիթն ու Միքայելը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են և ամեն կիրակի մասնակցում են պատարագներին։ Նրանք երբևէ որևէ քաղաքական կուսակցության անդամ չեն եղել, երբևէ քաղաքական որևէ ուժի չեն հարել, ընտանիքն ապաքաղաքական է։
Ծաղկազարդի տոնին ներկա են եղել Սուրբ Աննա եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին և աղոթքի պահին հայտնվել են հրմշտոցի մեջ։ Նրանք իրենց կյանքում որևէ մեկին վիրավորանք կամ վնաս հասցրած չկան՝ առավել ևս իրենցից տարիքով, հարգարժան պաշտնյա անձի։ Առավել քան համոզված ենք, որ իրադարձությունների օրը նրանց գործողություններում որևէ մեկին վնաս հասցնելու միտում չի եղել։
Խնդրում ենք, հաշվի առնելով վերոգրյալը, երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ։ Նրանք պայծառ պատանիներ են՝ լի երազանքներով, վառ նպատակներով, կարող են պիտանի մարդիկ դառնալ հասարակության և պետության համար»:
Դիտեք նաև՝
«Երբ ինքս նկարահանում էի, թե ինչպես են եղբայրներին մտցնում Կենտրոնի բաժին, ոստիկանն այսպիսի պատասխան տվեց․ «Մենք էլ ենք նկարում»։ Իսկ թե ո՞ւմ համար են նկարում և ինչի համար է, կարծում եմ՝ պարզ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց կիրակի օրը Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքով ձերբակալված եղբայրների փաստաբան Լուսիրնե Մարտիրոսյանը։ «Սա ինչ-որ անձի համար է, ուղղակի մեր պետությունը լծված է ինչ-որ անձի բավարարելու գործին, բայց պետք չէ այդ ամեն ինչն անել և կայանալ 18 տարեկան երեխաների հանդեպ»,- հավելեց փաստաբանը։
«Մեկ օրում 3 դեպք ունենք 18 տարեկան երեխայի նկատմամբ նույն գործելաոճի։ 18 տարեկան երեք երախա հայտնվել են ՁՊՎ-ում, որովհետև հայտնվել են մի վայրում, որտեղ հայտնվել է կոնկրետ այդ անձը։ Սա վտանգավոր նախադեպ է, վտանգավոր բան է սահմանվում՝ ուղղված երեխաների դեմ, պետք չէ երեխաներին խառնել քաղաքականության, քարողչության մեջ։ Կիրակի օրով եկեղեցում Ծաղկազարդը կարող է քաղաքական թեզի մեջ տեղավորվի՞»,- նշեց Լուսինե Մարտիրոսյանը։
Նշենք, որ ավելի վաղ լրագրող Սյուզի Բադոյանը հայտնել էր, որ ոստիկանները 18 տարեկան մեկ այլ տղայի են ձերբակալել՝ վարչապետին վիրավորելու պատճառով։
***
«Տղաներին տեղափոխում են Երևան քաղաքի քննչական վարչություն՝ մեղադրանք ներկայացնելու»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է կիրակի օրը Սուբ Աննա եկեղեցում տեղի ունեցած դեպքով ձերբակալված տղաների փաստաբաններից Լուսինե Մարտիրոսյանը։ «Երեկվա խուզարկությունից և խուզարկության որոշման բովանդակությունից կարող եմ ենթադրել, որ, անտեսելով բոլոր փաստական տվյալները, 3-ի մասով էլ քրեական հետապնդման որոշում է կայացվել»։ Հարցին, թե ինչ է հայտնաբերվել խուզարկության արդյունքում, փաստաբանը պատսխանել է․ «Բնականաբար՝ ոչ մի բան։ Համաձայն որոշման փնտրում էին վարչապետի քաղաքական գործունեությանը միջամտելուն ուղղված Գևորգ Գևորգյանի կողմից կազմակերպված բռնության և խուլիգանության պայմանավորվածությունը հաստատող փաստեր, դրա նախագծման և իրականացման վերաբերյալ պլան։ Բնականաբար հանդիպեցին պատվոգրերի, գրքերի, լավ կլիներ իրենց էլ կարդային»։
***
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունը գործընթացի անունը դրել է ընտրություն, սակայն իր ընտրական հաջողությունն ամրագրելու համար օրենքները, ըստ իրավիճակի, մեկնաբանում և կիրառում է:
Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ ում ուզում են՝ բռնում են․ կարևոր չէ, թե ինչ հոդված կկիրառեն, ում ուզում են՝ թիրախավորում են՝ անկախ թեմայից կամ առիթից:
Դեռ չեմ խոսում են այն մասին, թե ինչպես է պետական ողջ ապարատը գործի դրվել ոչ թե պետության, այլ կոնկրետ քաղաքական խմբի շահերը սպասարկելու համար։
Իսկ իրենց հովանավորող ու մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա աչք փակող արևմտյան դերակատարներն ու կառույցներն էլ խրախուսում են Հայաստանում բռնատիրության կառուցումն ու ժողովրդավարության «հուղարկավորությունը»»: