1in.am-ը գրում է.
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Վաղինակ Դ.-ի գործի դատական քննությունը:
Վաղինակ Դ.-ն մեղադրվում է ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ըստ մեղադրանքի՝ Վաղինակն իր քրոջ՝ Լ. Դ.-ի ու նրա մտերիմի՝ Ազատ Ա.-ի «միջև առկա փոխհարաբերությունների շուրջ Ազատ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով ընկերների՝ Ա. Մ.-ի ու Ա. Հ.-ի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ 2015 թվականի հունիսի 3-ին Երևանում հանդիպել է Ազատ Ա.-ին, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նվազագույնի հասցնելով Ազատ Ա.-ի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը, ծակած-կտրած բնույթի վնասվածքներ է հասցրել, ինչ հետևանքով Ազատ Ա.-ն մահացել է»:
Դատարանում ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Գևորգյանը հայտարարեց, թե կա նախաքննական մարմնի՝ ուժի մեջ մտած որոշում, համաձայն որի՝ ամբաստանյալի վերը հիշատակված ընկերների՝ Ա. Մ.-ի և Ա. Հ.-ի քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Փաստաբանը նշեց, որ այս անձանց անունները շարունակում են հոլովված մնալ Վաղինակ Դ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացության մեջ: Արդյո՞ք գործով մեղադրողը չի պատրաստվում հանդես գալ նոր մեղադրանքով՝ նկատի ունենալով նախաքննական մարմնի՝ ուժի մեջ մտած հիշյալ որոշումը:
Դատախազն այս հայտարարությանը չարձագանքեց:
Նախագահողը նշեց, որ դատարանը գործը քննում է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի շրջանակներում, և մեղադրանքի կողմը առաջադրված մեղադրանքում որևէ փոփոխություն չի կատարել՝ պաշտպանի հիշատակած առումով:
Ինքը՝ ամբաստանյալ Վաղինակ Դ.-ն հայտարարեց, թե իրեն մեղավոր է ճանաչում մասնակիորեն: Նա պնդեց, թե տուժողին սպանել է մենակ, ոչ մի ընկեր իր հետ չի եղել ու սպանությանը չի մասնակցել:
Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:
Հարցաքննվեց ամբաստանյալի քույրը՝ Լ. Դ.-ն, ում հետ տուժողի ունեցած փոխհարաբերությունների պարզաբանման ժամանակ էլ, ըստ մեղադրանքի, տուժողը սպանվել է:
Լ. Դ.-ն հայտնեց, որ ամուսնացած է եղել: Ունի երկու երեխա: Ընտանիքով ապրել են Ռուսաստանում: Սակայն ամուսինը թմրամոլ է եղել, ընտանիքի հանդեպ՝ անուշադիր: Ինքն ապրել է շատ վատ պայմաններում և որոշել է երեխաների հետ վերադառնալ Հայաստան, աշխատանք գտնել ու մնալ այստեղ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում