Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտին է մոտենում «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որի գլխավոր նպատակը ամառային հանգիստը Երևանում անցկացնող երեխաների առօրյան հետաքրքիր, բովանդակալից ու հիշարժան դարձնելն էր:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տոնական գլխավոր միջոցառումը` «Ողջույն Քանաքեռ-Զեյթունից» խորագրով, տեղի է ունեցել Դ. Անհաղթի անվան պուրակում: Չնայած տեղումներին՝ միջոցառումը բազմամարդ էր: Ամառային տոնական երեկոյի ընթացքում երեխաների և նրանց ծնողների բարձր տրամադրությունն ապահովել են Ա. Տեր-Ղևոնդյանի անվան դպրոցի սաները, պարային համույթներ: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել «Զեյթուն» մշակութային կենտրոնի նկարչության խմբակի երեխաների կողմից պատրաստված ակվագրիմը: Փոքրիկների համար կազմակերպված այդ միջոցառումն ավելի տպավորիչ են դարձրել սիրված հեքիաթների հերոսներն ու ուրախ ծաղրածուն:
Երեկոն ուղեկցվել է բազմաթիվ անակնկալներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն