«Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը արտահերթ կարգով ԱԺ օրակարգ մտցնելու հարցը՝ այսօր ԱԺ-ում նախագիծը ներկայացրած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի միջև վեճի պատճառ դարձավ: Փոստանջյանն ընդգծեց, թե Սամվել Ֆարմանյանն իրեն անձնական վիրավորանքներ է հասցնում. ՀՀԿ պատգամավորը ներողություն խնդրեց, բայց ասաց՝ «Ժառանգության» պատգամավորը մասնագիտական առումով թերուս է:
Փոստանջյանն էլ սաստեց իրեն ռեպլիկներ հղող եւ մի քանի կուսակցություն փոխող երկու երիտասարդ պատգամավորներին` ասելով, որ իրեն ոչ ոք չի կարող կաշկանդել:
Վեճի պատճառն այն էր, որ ավելի վաղ Սամվել Ֆարմանյանը Զարուհի Փոստանջյանին բացատրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազն իր ռուս գործընկերոջը Վ. Պերմյակովի հարցով նամակով դիմել է պետության անունից: Մինչդեռ Փոստանջյանը քննադատեց ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին` ասելով, որ նա իր պարտականությունը պատշաճ չի կատարում` նկատի ունենալով ՌԴ դատախազին, Պերմյակովի գործով ուղղված նամակի պատասխան չստանալը:
Սրան ի պատասխան Ֆարմանյանը նշեց. «Ի վերջո, բոլորը պետք է հասկանան Սամվել Ֆարմանյանի, Պողոս Պողոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Գևորգ Կոստանյանի տարբերությունը: Տարրական իրավաբանական գիտելիքներ են անհրաժեշտ հասկանալու, որ միջպետական պայմանագրերով կոնկետ ժամկետներ չեն նախատեսում գրություններին պատասխանելու համար: Տվյալ պարագայում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է գալիս ՀՀ անունից, իսկ դուք կամ մեր մյուս գործընկերները, որքան էլ ուզեք, չեք կարող հանդես գալ պետության անունից: Հերիք եղավ, ինչքան հանդուրժեցինք անգրագիտությունը»,- զայրացավ ՀՀԿ պատգամավորը:
Երբ սկսվեց լեզվակռիվ երկու պատգամավորների միջեւ ԱԺ փոխնախագահը անջատեց ՀՀԿ պատգամավորի խոսափողը` ասելով, որ ԱԺ-ն շուկա չէ:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանը ԱԺ քննարկմանն է ներկայացրել բանաձևի նախագիծ, որում խորհրդարանին կոչ է անում ռուսական կողմից պահանջել և հայ իրավապահներին հանձնել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին:
Հեղինակ՝ Անի Միրաքյան