▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տարել է աշխատասենյակ ու ասել՝ ինչ ուզում եք գրեք, ես գնացի

Ինչպես բանաստեղծությունը, այնպես էլ լուսանկարչությունը հասկանալու  համար ժամանակ  է  պետք: Լուսանկարն էլ պետք է ուշադիր նայես, բոլոր մասերը միացնես: Այս կարծիքին  է լուսանկարիչ Գերման Ավագյանը, ով լուսանկարչությունն ու պոեզիան համադրելով «Նավավար»-ում ներկայացնում է յուրօրինակ մի ցուցահանդես՝ «Տեսողական պոեզիա» («Визуальная поэзия») անվանումով:

Լուսանկարիչն անկեղծանում է՝ այս մասին մտածել է 26 տարի առաջ.

«Դեռ 1989թ.- ից՝ «Գարուն» ամսագրում աշխատելու տարիներից եմ այս մասին մտածել: Երբ շփվեցի բանաստեղծների  հետ, ցանկացա լուսանկարչությունն էլ հասցնել նրանց   մակարդակին, սակայն ինչ-որ բան  անընդհատ խանգարում էր. Լուսանկարչությունը երկրորդ պլան էր գնում:

Վերջերս իմ արխիվից Տիգրան Պասկևիչյանի լուսանկարը գտա, իրեն խնդրեցի, որ որպես հիշատակ հենց լուսանկարի վրա բանաստեղծություն գրի:  Գնում-գալիս, նայում էի և, վերջապես, հասկացա, որ սա հենց այն ֆորմատն է, որ ես փնտրում էի երկար ժամանակ»:

Իսկ, թե ինչպե՞ս են ընտրվել նկարներին լրացնող տողերը, լուսանկարիչը պատմում է.

«Հերոսներն են ընտրել. Տարել եմ աշխատասենյակ ու ասել եմ՝ ինչ ուզում եք գրեք,  ես գնացի: Միայն Մարինե Պետրոսյանն է տանը գրել, 2 հոգու համար էլ Վանաձոր եմ գնացել... »:

Հարցին, թե կա՞ մեկը, որին կցանկանար լուսնկարել ու խոսքը ներկայացնել, Գերման Ավագյանն ասաց.

«Իհարկե, կա.. .նկարել եմ, բայց, ցավոք,  նա ողջ չէ..խոսքը գեղանկարիչ Վարուժան  Վարդանյանի  մասին  է… »:

Լուսանկարչի խոսքով՝ իր հերոսները պատահական չեն ընտրվում ու տեսախցիկը ոչ բոլորին է ֆիքսում.

«Ով ինձ համար բանաստեղծություն է կարդացել, ում որ ճանաչել  եմ, նրան էլ նկարել եմ: Եթե ես ծանոթ չեմ նրանց, ո՞նց  նկարեմ»,-ասում է Գերման Ավագյանն ու մեջբերում Ավագ Եփրեմյանի  խոսքը.«Մի՛ փնտրիր բանաստեղծությունը բառերի մեջ, բանաստեղծությունը  մարդու մեջ է, իսկ մարդը՝ բառերի»:

Ինչ վերաբերում է լուսանկարչության և պոեզիայի  համադրությանը, լուսանկարիչը նկատում է.

«Ընդհանուր շատ նմանություններ ունեն: Ինձ թվում է ՝պոետը գրելուց չգիտի, թե վերջում ինչ է ստացվելու, ֆոտոն էլ է այդպես.դու չգիտես, թե ինչ է ստացվել»:

Հավելենք,  որ «Տեսողական պոեզիա» անվանումով այս յուրօրինակ ցուցահանդեսը շարունակվում  է, ավարտի ժամանակն էլ հայտնի չէ.

«Երբ ասեն, որ նոր ցուցահանդես է լինելու, կավարտվի»,-ասում է լուսանկարիչը:

Նշենք, որ «Նավավար»-ը գտնվում է Արամի 42/1 հասցեում

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more