▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայում ընդդիմադիր ուժերը հրաժարվել են վարչակազմի հետ բանակցություններից

Սիրիայի հակամարտությունը քաղաքական համաձայնության ճանապարհով լուծելու հավանականությունը նվազել է, այն բանից հետո, երբ ընդդիմադիր ուժերը հրաժարվել են վարչակազմի հետ բանակցություններից և օգնության են դիմել 17 պետություններից բաղկացած Սիրիայի աջակցության խմբին:

Սիրիայի ռազմական և ընդդիմադիր ուժերի միջև բախումները վերջին շաբաթներին ավելի են թեժացել՝ խախտելով հրադադարը: Շարունակվող ընդհարումները զայրացրել են Սիրիայի ընդդիմությանը, որոնք բռնությունների մեջ մեղադրում են վարչակարգին: Բանակցություններում ընդդիմության գլխավոր բանագնաց Ռիյադ Հիջաբը դիմել է Սիրիայի աջակցության միջազգային խմբին վերջին՝ ընդհարումները վերարժեքավորելու հարցով:

«Կոչ եմ անում անցկացնել Սիրիայի միջազգային աջակցության խմբի նախարարների մակարդակով մի հանդիպում՝ վերարժեքավորելու դադարեցված ռազմական գործողությունները և մարդասիրական օգնության գործընթացը»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Սիրիայի միջազգային աջակցության խմբի մի շարք նախարարներ բազմիցս քննարկել են Սիրիայում խաղաղություն հաստատելու գործընթացը: Սակայն Վաշինգտոնը ընդունում է, որ դեռևս բազում մարտահրավերներ կան:

«Ես չեմ կարծում, թե մենք այս քննարկումները կբնորոշեինք որևէ այլ կերպ, քան դժվարին ջանքեր։ Այդպես է եղել նախկինում և կշարունակի այդպես մնալ ապագայում»:

Արտաքին քաղաքականության վերլուծաբան Ադամ Էրելիի խոսքերով, ԱՄՆ-ի կամ այլ ուժերի կողմից Սիրիայի խաղաղության բանակցություններում առաջընթացի նշանները կշարունակեն թույլ մնալ, եթե ռազմահարթակում փոփոխություններ չլինեն:

«Արդյո՞ք Ասադն ու նրա աջակիցները փոխզիջման կգնան, եթե Սիրիայի ռազմադաշտում զգալի փոփոխություններ չլինեն: Եթե նրանք չգնան փոխզիջումների, ապա ընդդիմությունը որևէ կերպ չի համաձայնի պաշտոնին թողնել մի մարդու, ով պատասխանատու է Սիրիայի մոտ կես միլիոն քաղաքացիների մահվան համար»:

Ընդհանուր առմամբ վերլուծաբանների խոսքերով, թե՛ կառավարությունը և թե՛ ընդդիմությունը չեն ընդունում քաղաքական հաշտեցման տարբերակը: Հակամարտող կողմերը դեռևս պատրաստ չեն համաձայնության:

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more