«Քեսաբում Ռուսական օդուժի միջամտությունից հետո իրավիճակը փոքր-ինչ կայունացել է։ Մոտ 1000 հայ վերադարձել է Քեսաբ: Հայերն ամենաշատը եղել և մնում են Հալեպում, որտեղ նրանց թիվը 40.000-50.000- էր հասնում, այսօր մնացել է մոտավորապես կեսը: Պաշտոնական տվյալներով 15-17.000-ը տեղափոխվել է Հայաստան, նույնքան էլ Բեյրութ են տեղափոխվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց պատմաբան Գևորգ Յազեչյանը, ով երկար տարիներ ապրել է Սիրիայում։
Պատմաբանի հաղորդմամբ՝ Հալեպ տեղափոխված հայ արհեստավորներն օրվա ընթացքում երբեմն հատում են այսպես կոչված խմբավորումների սահմանները.
«Աշխատում են ահաբեկչական կազմակերպությունների իշխանության ներքո գտնվող տարածքներում:Նրանք հիմնականում ավտոնորոգողներ են: Լավ էլ վճարում են, քանի որ արհեստավորի կարիք ունեն»,-նշեց Գևորգ Յազեչյանը:
Հարցին՝ սիրիահայերը կմնան Հայաստանում, թե՞ կվերադառնան Սիրիա, պատմաբանը պատասխանեց. «Մեծ մասը հաստատվել է այստեղ՝ նաև՝ Սիրիայում այլևս հեռանկար չտեսնելու խնդրից ելնելով, որոշ մասը նախընտրում է Թուրքիան, դե այդպիսի մարդիկ էլ, անշուշտ, պիտի լինեին։ Եվ կան սիրիահայեր, ովքեր սպասում են իրենց վիզաներին՝ այլ երկրներ մեկնելու համար»:
Գևորգ Յազեչյանի փաստմամբ՝ Սիրիայում քաղաքային հատվածում 50 հոգի է սպանվել, 10 հոգի՝ բանակում ծառայելիս, կան բազում վիրավորներ:
Անի Կարապետյան