▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սարսափելի բան է տարածված 12-16 տարեկան երեխաների շրջանում»

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սարսափելի բան է տարածված 12-16 տարեկան երեխաների շրջանում՝ կապված փողերի շրջանառության և դրանից կախվածության հետ։
Երեխաներին ներգրավում են օնլայն փողերի շրջանառության, բորսաների մեջ, որն իրականում թակարդ է։ Սկզբում այդ օնլայն հարթակները ոգևորում են մարդկանց, որոշ գումար են վճարում, իբր թե՝ տեսեք, ինչքան հեշտ փողեր են, ու երբ հատկապես երեխան արդեն իրենց թակարդում է, սկսվում է ամենասարսափելին։
Ավելի մեծ գումար «աշխատելու» համար երեխայից պահանջում են 100-500 դոլար ներդրում։ Ավելի շատ կախվածության մեջ գցելու համար երբեմն դրանով էլ շահույթ ստանալու հնարավորություն են տալիս, իսկ հետո արդեն բանը հասնում է 1000, 2000, 3000 դոլար ներդրումների։
Երեխաներին համոզում են ծնողներից վերցնել այդ գումարները՝ խոստումով, թե 2-3 օր հետո դրա կրկնակին հետ կգա։ Պատկերացրեք, ծախսում եք 1000 դոլար, իսկ 3 օր հետո ստանում եք 5-6 հազար դոլար, 1 ամսվա ընթացքում ստանում եք ամենաքիչը 50.000 դոլար։
Շատերն ընկնում են այդ թակարդը և թալանվում։
Հետո, իհարկե, ոչ փող է գալիս, ոչ էլ ծախսածն են հետ բերում, իսկ երեխաներին արդեն պարտադրում են էլի փող բերել, որ գոնե կորցրածը վերադարձնեն։ Կազինոյի նման։ Այդպես կործանում են դեռահաս երեխաներին, որոնք գիշերները տուն չեն գնում, ամբողջ ժամանակը հատկացնում են այդ չարիքի վրա, դասերի չեն հաճախում ու դառնում են իսկական պատուհաս իրենց ընտանիքների ու ժողովրդի համար։
Կարծում եմ, որ դպրոցները և ընտանիքները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այս երևույթի վրա ու մատների արանքով չնայեն։ Մարդկանց երբեմն թվում, թե երեխաներ են, ուզում են փող աշխատեն։ Բայց դա կախվածություն է, ինչն անպայման հանգեցնում է շատ վատ հետևանքների, մասնավորապես՝ գողության կամ ինքնասպանության»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more