Թարմացված․ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ տեխնիկական պատճառներով պայմանավորված առկա է դրոշմապիտակների տրամադրման հետ կապված որոշակի խնդիր, որի կարգավորման ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ։
Միաժամանակ, հաշվի առնելով տնտեսվարողների շրջանում դրոշմապիտակների պահանջարկի աճը, տեղեկացնում ենք, որ դրոշմապիտակները հաջորդաբար համալրվում են նոր քանակությամբ։
Կոմիտեն հայցում է տնտեսվարողների ներողամտությունը՝ ի հայտ եկած անհարմարությունների համար և տեղեկացնում, որ 2025 թվականի մարտ ամսվա սկզբից կվերսկսվի դրոշմապիտակների տրամադրման գործընթացը տնտեսվարողներին։
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին՝ դիմել և ստանալ իրենց անհրաժեշտ քանակից ոչ ավելի քանակությամբ դրոշմապիտակներ։
***
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ»-ը տնտեսվարողներից ահազանգ է ստացել դրոշմակնիքների բացակայության հետ կապված։ Ըստ նրանց՝ ՊԵԿ-ը դրոշմակնիքներ չի տրամադրում այժմ, դրա պատճառով էլ իրենց բիզնեսը տուժում է։
Նշենք, որ 2013-ին ՀՀ ԱԺ-ն ընդունեց մի օրենք, ըստ որի`ընդլայնվեց պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքերի ցանկը: Մասնավորապես, հսկիչ դրոշմակնիքներ պետք է ամրացվեն տարբեր տեսակի ըմպելիքների, այդ թվում գարեջրի, հանքային ջրերի, հյութերի վրա:
Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Պետական եկամուտների կոմիտեից, այնտեղից մեզ արձագանքեցին՝ սրա վերաբերյալ այսօր հանդես կգան հայտարարությամբ»: