▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատասխան` «Հերիք է ՀԿ բացեք ու միանաք ինքներդ ձեզ» հոդվածին

Պատասխան «Հերիք է ՀԿ բացեք ու միանաք ինքներդ ձեզ» Տիգրանուհի Դավթյանի հոդվածին.

Հարգելի Տիգրանուհի.

Ես սովորություն ունեմ չպատասխանելու ինձ հասցեագրված վիրավորանքներին` բացառությամբ, երբ դրանք արվում են գրագետ մարդկանց կողմից: Այս մարդկանց պարագայում ես իմ պարսավանքի արժանացած արարքի մեջ փնտրում եմ իմ մեղքի բաժինը,  իսկ եթե, այնուամենայնիվ, առանձնապես սխալ քայլ չեմ գտնում (գուցե և կա, բայց ես չեմ գտնում) հույս եմ փայփայում, որ նրանք շատ չեն խորացել, պարզապես բան է` ասել են` մի բան ասած լինելու համար: Ձեր պարագայում թեև անձնական վիրավորանք չկա, այնուամենայնիվ չեք բացառել «լրագրողի կողմնակալ վերաբերմունքը հրապարակման մասնակիցների և փաստերի նկատմամբ» և քանի որ Դուք 15-20 տարեկան, ինչ որ տեղ, լրագրողական ինչ որ դասընթաց անցած աղջնակ չեք, նաև համոզված եմ, որ ինձ չեք ճանաչում, կամ, որ գուցե հիասթափված եք եղել քաղաքական ուժից, որի համագործակցության առաջարկը չենք մերժել և հեգնել եք, ես հարկ կհամարեմ հակիրճ պատասխանել Ձեր  «Հերիք է ՀԿ բացեք ու միանաք ինքներդ ձեզ» հոդվածին:

Եվ այսպես.. «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՕԵԿ բացած ՀԿ չէ, ու ՕԵԿ միացած ՀԿ չէ. այն  ստեղծվել է դեռևս 1999-ին մեկ տասնյակից ավել ինժեներների կողմից. 2000-ին գրանցվել է որպես «221 ճարտարագետների ասոցիացիա», 2002-ին անդամակցելով իրավաբանների, մանկավարժների` վերագրանցվել է որպես «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն». հեռավոր իսկ կապեր չի ունեցել ոչ միայն ՕԵԿ-ի, այլ որևէ կուսակցության հետ: Գրում եք, որ չեք հասկացել մեր ՀԿ կապը երկրում առկա այդ (սոցիալական, իրավական, կոռուպցիոն, անվտանգություն) խնդիրների հետ: Եթե իրոք ուզում եք հասկանալ այդ կապը` սիրով կասեմ (շատ հակիրճ).

մասնավորապես.

սոցիալական, տնտեսական – ՀԿ-ն տարբեր ժամանակներում բազմաթիվ հարցեր է բարձրացրել, կազմակերպել քննարկումներ, կլոր սեղաններ, հանրային լսումներ, գիտաժողով: Կազմել, ներկայացրել, իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել որոշակի մեխանիկական ձեռնարկությունների առողջացմանը, գյուղատնտեսության զարգացմանը, զբաղվածության խնդիրներին.

իրավական – ՀԿ-ն շուրջ 15 տարի մատուցել է անվճար իրավաբանական խորհրդատվություններ, ցուցաբերել է որոշակի իրավաբանական օգնություն ինչպես քաղաքացիներին, այնպես էլ որոշ իրավաբանական անձանց, 2007-ին իր` ՀԿ-ին կից ստեղծել է Արբիտրաժ, որ ունի ոչ միայն իրավաբանական խորհրդատվությունների, այլ նաև արտադատարանական վեճերի լուծման պոտենցիալ.

հակակոռուպցիոն – ՀԿ-ն ընդգրկվել է ՀՀ հասարակական կազմակերպությունների 70 ՀԿ-ներից կազմված հակակոռուպցիոն կոալիցիայի կազմ.

երկրի անվտանգության սպառնալիք ……. պարզապես, պարզապես այդ ՀԿ-ի նախագահը… շատ, շատ, շատ փոքրիկ ներդրում է ունեցել երկրի անվտանգության հարցում` դեռևս Սովետական շրջանում 1989-ին, երբ ներկայիս երևացող շատ <հերոսների> մտքի ծայրով էլ չէր անցնում երկրի պաշտպանությունը, զբաղված էին առօրյա չարքաշ աշխատանքով, նա հանդիսացել է կամավորական փոքրիկ ջոկատներից մեկի նախաձեռնող, կազմակերպիչ և այդ ՀԿ նախագահի հարազատ եղբայրն ու տասնյակ ընկերները զոհվել են այդ պատերազմում, և այդ ՀԿ նախագահը այսօր, հոգու ցավով գիտակցում է, որ գնալով պակասում են երկրի անվտանգության համար զոհվելու պատրաստ տղաները, պակասում են արդարության դեֆիցիտի պատճառով երկրից հեռանալով, պակասում են հանապազօրյա հացի խնդիր ունենալու պատճառով երկրից հեռանալով, պակասում են իրական արժեքների ոտնահարման, կեղծ արժեքների գնահատման պատճառով երկրից հեռանալով …….. հիրավի պակասում են, և ևս մի 10-15 տարի այսպես շարունակվելու դեպքում, հավատացեք, կհատվի կրիտիկական գիծը,  չենք կարողանալու դիմակայել արագ բազմացող հակառակորդին, և նաև Դուք` հարգելի Տիգրանուհի, ստիպված կլինեք գաղթել Ձեր երկրից, եթե… կներեք… հասցնեք և, անսպասելի, բայց և անխուսափելի պատերազմի դեպքում, ողջ և անվնաս մնաք: Իսկ, որ այսպես էլ շարունակվելու է` գուժում է սահմանադրական հեղաշրջման տեսլականը:

…Ինչ կապ ունի ՀԿ-ն այդ հարցերի հետ: Պարզապես յուրաքանչյուր ՀԿ-ի հետևում անձեր են (անդամներով, համակիրներով, շահառուներով), որոնք ամենօրյա և ամենաանմիջական առնչություն ունեն հենց այդ հարցերին. յուրաքանչյուր ՀԿ առաքելությունը շահերի պաշտպանությունն է` առնչվող հենց այդ հարցերին:  

…Ինչու միացանք Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությանը: Հավատացեք` հեշտ չի եղել այդ որոշման կայացումը (Արթուր Բաղդասարյանի հետ ծանոթացել եմ որոշման կայացման օրը, մինչ այդ նրան ճանաչել եմ այնքան` ինչքան հեռուստացույցից ճանաչում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, քաղաքացի, որ առանձնապես չի էլ սիրում քաղաքականությունը. Հայաստանյան քաղաքականությունը): Առաջարկություն ստացել ենք որոշման կայացումից 18-20 օր առաջ: 18-20 օր անընդմեջ ուսումնասիրել, կարդացել եմ առկա հոդվածները, հրապարակումները` արված և' ՕԵԿ-ի, և' Արթուր Բաղդասարյանի հասցեին: Վերլուծել եմ և' դեմ, և' կողմ արված հրապարակումները: Փորձել եմ գնահատել Արթուր Բաղդասարյանի  (նաև ՕԵԿ-ի) երբեմնի արված քաղաքական քայլերը, քայլերը` իր դիրքերից, հաշվի առնելով տվյալ ժամանակի իրերի դասավորությունը: Հպանցիկ փորձել եմ գնահատել նաև մեր մյուս քաղաքական գործիչների քայլերը (նաև իրենց կուսակցությունների): Չեզոք դիրքից և ոչ բացասական տրամադրվածության պարագայում, հարգելի Տիգրանուհի, նրա քայլերը, հանրագումարում և մյուս քաղաքական գործիչների քայլերի համադրությամբ, համարել եմ … ընդունելի  (գուցե ինչ-որ տեղ վերապահումով, բայց, այնուամենայնիվ, ընդունելի): Այսպիսով … միացանք նրա նախաձեռնությանը` ստեղծելու և կայացնելու միավորում. միացանք … որովհետև երկրի առջև ծառացած վերոնշյալ հարցերը, որ, ի զարմանս Ձեզ, նաև ամնիջական կապ ունեն մեր ՀԿ-ի հետ, հնարավոր չէ լուծել ՀԿ փոքր ուժերով, առանձին ՀԿ-ների թույլ ուժերով, առանձին քաղաքական ուժերի տարանջատված փորձերով: Հնարավոր չէ, որովհետև այդ հարցերի կուտակումն ընթանում է երկրաչափական պրոգրեսիայով: Միացանք … որովհետև երկրի ղեկավարումն ստանձնած միջակ ուժերի անձեռնհաս կառավարումն ու իշխանության տարփանքով տարված նրանց նախաձեռնությունները երկիրը տանում են շարունակական անկման: Միացանք` հույս փայփայելով, որ համատեղ ուժերով կկարողանաք դիմակայել անկմանը: Այս պարագայում ես ուրախ կլինեմ նաև Ձեր հեգնած տարատեսակ անուններով ՀԿ-ների անկեղծ համագործակցությանը:

Հարգանքով` Մարզպետունի Զադոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more